լինել կրքերից և նախապաշարմունքներից։ Գալանոսը չունէր մի այդպիսի ուսումնասիրութիւն կատարելու յարմարութիւնները։ Երբ մարդկային տեսութիւնը մթնացած է նեղ, անհաշտ աղանդաւորութիւնից, այն ժամանակ փաստերն ու իրողութիւնները մոռացութեան և արհամարհանքի են մատնվում, իսկ պատմութիւնը դառնում է ոչ թէ ճշմարտութեան, այլ ստութիւնների և աղճատումների հայելի։ Գալանոսը չէր կարող անկողմնապահ, սառնասիրտ պատմագրող լինել։ Բայց նա իր այդ բացասական յատկութիւնները այնքան մեծ չափով ի չարն էր գործ գրել, որ հարիւր տարուց յետոյ նրա գործի առաջ իր վրդովմունքը չէր կարողանում պահել նոյն իսկ այնպիսի մի կաթօլիկ պատմագիր, ինչպիսին էր Հ․ Չամչեանը։
Վերցնելով Գալանոսի պատմութիւնից մի կտոր, Չամչեանը սուր քննադատութեան ենթարկեց նրան[1] և ցոյց տուեց թէ գործը ինչ արժանաւորութիւններ ունի։ Գալանոսի պատմութեան աղբիւրը մի ինչ-որ պատմագիր է, որի անունը նա երբէք չէ տալիս և որը ոչ ոքին յայտնի չէ։ Բացի այդ գրաւոր աղբիւրից՝ թէադինեան քաջ կրօնաւորի առաջ եղել են զանազան բերանացի աւանդութիւններ, առասպելներ, որոնց նա լսել է իր ժամանակի ծերերից, հաւանականօրէն՝ կաթօլիկ հայերից։ Եւ ահա այդ կասկածելի նիւթերի վրա հիմնված, նա ինքնավսաահ կերպով խօսում է հայ եկեղեցու մասին, մեծ-մեծ վճիռներ է
- ↑ Պատմ., հատ. Բ., 653-670: