Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրում, արգելքների ու զրկանքների տակ ճնշված,— հարկադրված էր կուել ընտանի թշնամու դէմ, որ բոլոր տեսակ թշնամիների մէջ ամենաանգութն ու ահաւորն է։ Ընտանեկան այդ կռիւը այնքան ծանր ու դառն էր, որ բազմերախտ ծերունին չը դիմացաւ և վախճանվեց 1674 թւականի սկզբին։

Եթէ անպատճառ հարկաւոր է, որ իւրաքանչիւր նոր գործ ունենայ իր զոհերը, մենք Ոսկան վարդապետին կարող ենք համարել ամենախոշոր զոհը, որ ստանում էր տպագրական գործը հայերից։ Այդ մարդու ութամեայ կեանքը Եւրօպայում ցոյց է տալիս թէ որքան շատ բան կարող էր նա անել, եթէ զոհի վիճակին չենթարկվէր։ Նա առաջին հայ մարդն էր, որ կանօնաւոր ու յարատև դրութիւն ստեղծեց տպարանի համար. նա առաջին հայ հրատարակիչն էր, որ ունէր համեմատաբար շատ լայն հայեացք իր գործի վրա, որ գիրք տալիս էր ոչ միայն տիրացուին, այլ և վաճառականին, հասարակ ընթերցողին։ Առաջին անգամ հայերէն Աստուածաշունչ տպագրող մարդը կարող էր դեռ շատ հսկայական ու դաժան աշխատասիրութիւն մտցնել իր լուսաւոր գործի մէջ, տալ ուրիշ մեծ գործեր էլ։ Բայց նա մենակ էր, համարեա զուրկ նիւթական միջոցներից և, որ ամենից վատն է, ճնշված անիրաւ հսկողութիւնների և կասկածների տակ։ Ոսկանի մահից մի երեսուն տարի անցած՝ նոյն լուսաւոր նպատակով Եւրօպա էր դիմում մի ուրիշ մեծ երախտաւոր-Մխիթար Սեբաստացին։ Բայց