բայց թաթարական իսլամի լուծը շարունակում է արիւն—արտասունք կաթեցնել, թունաւորել քրիստոնեայ նախրի հոգին ու ուղեղը։ Խաղաղ կեղեքումները, մասնական աւերումները չեն վերացել և վերանալ չեն կարող։ Եւ կարո՞ղ ենք ասել թէ այդ դանդաղ, քիչ նկատելի տանջանքները ոչինչ են՝ համեմատած պատերազմական աւերմունքների հետ։ Թիւրք հեղինակներից մէկը, Խօջի—բէկ, սուլթան Մուրադին ներկայացրած մի մանրամասն զեկուցագրի մէջ ասում էր․ «40 կամ 50 ասպէրի փոխարէն, որ ստացվում էր իւրաքանչիւր տանից, գիւղացին այժմ տալիս է գլխահարկ 240 ասպէր․ 40 ասպէր կողմնակի տուրքերի փոխարէե գիւղացիներից այժմ առնում են 300, իսկ իւրաքանչիւր ոչխարից՝ կէս ասպէրի փոխարէն առնում են 7 կամ 8 ասպէր․․․ Կարճ ասելով, այսպիսի հարստահարութիւններ և կեղեքումներ դեռ երբէք տեղի չեն ունեցել ոչ մի երկրում, ոչ մի պետութեան մէջ։ Եւ սակայն, եթէ մուսիլմանական երկիրների բնակիչներից մէկը ենթարկվում է նոյն իսկ թեթև կեղեքումների, ահեղ դատաստանի օրը դրա համար պատասխանատու է միապետը և ոչ թէ պաշտօնեաները․ և միապետը չը պիտի կարողանայ արդարանալ տիեզերքի Տիրոջ առաջ, ասելով․ «ես այս պաշտօնեաներին էի յանձնել իմ հպատակներին»։ Սովից մեռնողների հեծեծանքներից քանդվում են տների պատերը, իսկ կեղեքվողներ ի արտասունքները խեղդում են կայսրութիւնները կործանման ալիքների մէջ»[1]:
- ↑ Лависъ и Рамбо - «Всеоб. Ист.», т. V, стр. 799: