Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արարատեան երկիրը և նրա սահմանակից գաւառները դարձեալ քարուքանդ եղան, բնակիչների մեծ մասը գերի տարվեց և նոր շունչ առած երկիրը դարձեալ ծածկվեց աւերակներով։ Մովսէս կաթողիկոսը հազիւ էր կարողացել մի քանի շինութիւններ բարձրացնել էջմիածնի աւերակների մէջ, բայց դրանք էլ տապալվեցին յանկարծահաս պատերազմական փոթորիկներից և նրա յաջորդ Փիլիպպոս կաթողիկոսին մնում էր նորից զինվել համբերութեամբ և նորից շինել քանդվածները։

Բայց այդ կործանումը ունէր գոնէ այն միւիթարական հանգամանքը, որ վերջինն էր XVII դարում․ թիւրք—պարսկական ընդհարումներ այլ ևս տեղի չունեցան Հայաստանի այս կողմերում և երկար ժամանակ ժողովուրդը ազատ էր աշխարհաւեր պատուհասից ու մրջիւնի չարքաշութեամբ կարող էր նորից ճիգեր թափել իր քանդված բոյները վերաշինելու համար։ Դա արդէն մեծ թեթևութիւն էր. հայ ազգի առաջ այլ ևս միայն արիւնոտ իրականութիւնը չէր, որ մոռացնել է տալիս մարդկային բոլոր միւս հոգսերը և մանաւանդ այնպիսիները, որոնք մտքի զարգացման են վերաբերվում։ Այդ համեմատաբար խաղաղ ժամանակների արդիւնքն են վանական դպրոցները, Ոսկան վարդապետը, տպագրված գրքերը։

Սակայն ժողովուրդը, ինչ ասել կուզի, նոյն պիղծ ռայեան էր, նոյն ստրուկը։ Չըկայ, ճիշտ է, ընդհանուր սրածութիւնը, ամբողջ գաւառներ չեն դատարկվում և լուռ գերեզմանոցներ դառնում,