Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիւղացիները տանում են իրանց երեխաներին նրա մօտ։ «Իմ հայր Մկրտիչը—ասում է Զաքարիան—շալակեց ինձ, իսկ իմ եղբայր Խաչատուրին առաջ գցած՝ գնաց։ Եւ երբ Ասլան աղան տեսաւ մեղ փոքր և կաղլիկ, ծուռ ոտներով, բարկացաւ և ասաց հօրս` «քո առողջ որդին պահել ես, իսկ անդամալոյծները բերել»․ և հրամայեց, որ նրան երեսի վրա գետին գցեն. և ջուր բերին ու թափեցին նրա վրա, ոտքից մինչև գլուխ ջրողող արին․ մի մարդու նստեցրեց նրա գլխի վրա, միւսին—ոտների վրա և հրամայեց չորս զինվորներին, որ երկու կողմից խփեն․ այնքան խփեցին, որ մորթը մարմնից բաժանվեց և ինքը անշնչացաւ․ այնպէս համարեցին թէ նա մեռել է և քարշ տալով` թաղեցին աղբակոյտի մէջ»։ Այսպէս և ուրիշներին։ Բարսեղ և Ղազար անունով մարդկանց քսան եղունգները (ձեռքերի և ոտների) հանեցին․ մի ուրիշին կախեցին մի ձեռքից ու այնքան ծեծեցին, որ մարմնի յօդերը խախտվեցան։ Այս բոլորից յետոյ, ինչ խօսք, սարսափ տիրեց ամբողջ գիւղի վրա և նոյն իսկ կաթնակեր երեխաներին էլ հանեցին բարբարոս հարկահանի առաջ։ Եւ ահա թէ Ասլան աղան որպիսի իմաստութեամբ էր վճռում թէ ով է հարկատուն։ Երբ նրա առջևը եկողը ծեր մարդ էր, նա հրամայում էր նրան յետ ու առաջ գնալ․ եթէ ծերը գլուխը կորացրած էր պահում և երկու ձեռքերը ետեից էր տանում, նա ազատվում էր հարկից․ իսկ եթէ գլուխը բարձր էր պահում և ձեռքերը առջևից էր տանում, հարկատու էր գրվում։