Մանուկների հարկատուական կարողութիւնը որոշվում էր այսպէս։ Հարկահանը թել էր անցկացում երեխայի պարանոցի շուրջը և ապա թելի երկու ծայրերը դնում էր նրա բերանը ու հրամայում էր ատամներով բռնել ծայրերը. այս դրութեան մէջ եթէ թելի օղը անցնում էր երեխայի գլխով, նա, ուրեմն, ազատ էր հարկից, իսկ եթէ չէր անցնում, նշանակում էր, որ նա խանի հարկատու հպատակն է։ Եւ այս կերպով Ասլան աղան ցուցակագրեց եւ հարկի ենթարկեց ամեն ինչ, որ կայ գիւղում—մարգ, կով, ձի, ջորի, էշ, ոչխար, ջրաղաց, ձիթահանք, բրնձաղաց, արհեստներ, այգի, պարտէզ։
Մարդկային հօտի այս տեսարանը հարկահանի առաջ—դեռ հասկանալի էր։ Դեռ իսլամի հիմնադիր Մուհամմէդն էր սահմանել այսպիսի կարգ անհաւատների համար. ով զէնքով դիմադրում էր մուսիլմաններին, նա պիտի սպանվէր, իսկ ով յօժար կամքով հպատակվում էր նրանց, նա իրաւունք ունէր ապրել և մնալ իր կրօնի մէջ միայն այն պայմանով, որ դրա համար գլխահարկ տայ։ Դա դաշնադրութիւն էր մուսիլմանի և անհաւատի մէջ. քանի որ անհաւատը վճարում էր գլխահարկը, մուսիլմանը իրաւունք էր տալիս նրան ապրելու. իսկ եթէ նա անհաւատարիմ էր գտնվում և հարկը չէր վճարում, այն ժամանակ մուսիլմանի և նրա մէջ կայացած դաշնագիրը ոչնչացած էր համարվում, այսինքն մուսիլմանը այլ ևս պարտաւոր չէր ապրելու իրաւունք շնորհել անհաւատին։ Այս պարզ կարգը, սակայն, սրբութեամբ