Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր իր կողմից կալուածը տալ կտակողի զաւակներին։ Բայց սա մի շատ վտանգաւոր միջոց էր, որին կարող էր դիմել միայն անճարութեան ծայրին հասած քրիստոնեան։ Նշանաւոր է, որ փրկութեան այս ճանապարհը քրիստոնեաներին ցոյց տուողները մահմեդական թուրքերն էին։ Այս փաստը մի աւելորդ անգամ էլ վկայում է, որ մահմեդական հայը աւելի անգութ էր իր ազգակիցների վերաբերմամբ, քան բուն մահմեդականները. սա մի հանրածանօթ իրողութիւն էր, միանման մահմեդական աշխարհի բոլոր անկիւններում—թէ Բալկանեան թերակղզու վրա, ալբանացիների, յոյների, բօլգարների մէջ և թէ, օրինակ, Նոր-Ջուղայում կամ Քանաքեռ գիւղում, հայերի մէջ։ Իսլամը չէր կարող աւելի անգութ զէնք ու պատուհաս հանել իր թշնամի քրիսոնէութեան դէմ, քան այս անչափ ֆանատիկոս, դաժան ու անողորմ նորադարձները։

Եւ խօսելով մահմեդականացած քրիստոնեաների մասին, մենք չը պիտի կարծենք, թէ դրանք անհատական երևոյթներ էին կազմում։ Ընդհակառակը, XVII դարը քրիստոնէութեան ճգնաժամն էր մահմեդական Արևելքում։ Յոյները, ալբանացիները, սերբերը, բօլգարները խմբերով էին դիմում իսլամի գիրկը․ ամբողջ գաւառներ գլխովին մահմեդականանում էին։ Հայերի մասին կցկտուր տեղեկութիւններ են մնացել, բայց դրանք էլ բաւական էն ցոյց տալու համար, որ նրանց մէջ էլ տեղի ունէր նոյն կրօնափոխական շարժումը։ Առհասարակ, իսլամը այնքան յաղթական ընթացք