Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաղխելով թիւրք իշխանների դռները, կարողացել էր յետ խլել ս․ Յակոբի վանքը յոյների ձեռքից։ Բայց այդ լաւութիւնը էժան չը նստեց հայ ժողովրդի վրա։ Եղիազարի մէջ թագնված էր մի փառասիրութիւն, որի առջև անմեղ բաներ էին պատրիարքական թեկնածուների բաղձանքները։ Եղիազարը կամեցաւ հասնել հոգևոր բարձրագոյն իշխանութեան, այսինքն կաթողիկոսանալ․ նրա միտքն էր բաժանել թիւրքահայերին էջմիածնից և առանձին ու անկախ աթոռ հաստատել, ինչպէս մի քանի տասնեակ տարի առաջ փորձել էր անել տխրահռչակ Սահակը։ Եւ Եղիազարը աւելի բախտաւոր եղաւ, քան իր նախորդը․ իր հետ տարած մեծ հարստութիւնը դնելով թիւրք կառավարութեան տրամադրութեան տակ, նա ստացաւ կաթողիկոսական հրովարտակ։ Անձնական փառքի համար հայոց ապականված հոգևորականները որքա՜ն գանձեր էին թափում մահմեդականների անյատակ գրպանները։ Դրանք հարստահարված, խեղճ ու տգէտ ժողովրդի հիւթերն էին, մի ժողովրդի, որ այնքան կարօտ էր մտաւոր լոյսի, որի համար գրքեր տպող մարդիկ Եւրօպայում խեղդվում էին աղքատութիւնից, չը գտնելով ոչինչ օժանդակութիւն, ոչինչ համակրանք ու խրախոյս։

Եղիազարի կաթողիկոսութիւնը նոր խռովութիւնների ու բարդութիւնների դուռ բացեց։ Իզուր էջմիածնի ծերունի Յակոբ կաթողիկոսը խրատի և աղերսանքի թղթեր էր ուղարկում ամեն տեղ, խնդրելով պառակտումների պատճառ չը