Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փող վերցնել օտարազգիներից և վճարել Երուսաղէմի պարտքը. Սարգիսը այդպէս էլ անում է, և երբ պարտատէրերը սկսում են նրան սաստիկ նեղել, նա գնում է Կ. Պօլիս, որպէս զի մի ճար գտնէ, բայց այդտեղ բանտարկվում է։ Մի տարուց աւելի մնալով բանատում, ճարպիկ վարդապետը կարողանում է օտար վաշխառուների հետ կապվել, փող է վերցնում ահագին տոկոսներով, ազատվում է բանտից և ուղղակի գնում է մեծ վէզիրի մօտ, կաշառքներ է տալիս և դառնում է պատրիարք։ Տոկոսները խեղդում են խեղճին, ժողովրդից ստացվածը քիչ էր և պարտատէրերը իրանց ծառաներով ու ձիաններով ապրում էին պատրիարքարանում, ծծում էին իրանց պարտականին։ Այդքանը քիչ է. պատրիարքը լուր է առնում, որ իր գլորած Յովհաննէսը չէ ուզում յաղթված մնալ. թլթլեանների ձեռնտւութեամբ նա կաշառքներով ապաւինում է մեծ վէզիրին, որ այդ ժամանակ պատերազմի էր գնացել գերմանացիների դէմ. Յովհաննէսն էլ գնաց զօրքի հետ և երկար ժամանակ դեգերում էր մեծ վէզիրի բանակում. վերջը վերադարձաւ Ադրիանուպօլիս։ Այդտեղ գնաց և Սարգիսը. որպէս զի արգելէ իր հակառակորդի ջանքերը․ օսմանեան բանակում երկու փառամոլ վարդապետները ընդհարվում են միմեանց հետ, բայց յաղթվում է Սարգիսը և Յովհաննէսը նորից պատրիարք է դառնում։

Ադրիանուպօլիս էր գնացել և Եղիազար Այնթապցին, տանելով իր հետ մեծ քանակութեամբ ոսկի։ Այս մարդը ունէր այն երախտիքը, որ յամառութեամբ