Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդտեղից չը շարունակեց ճանապարհը և, ինչպէս գիտենք, Յակոբը թիւրքաց մայրաքաղաքում աւելի մտածում էր Եղիազարի հետ համաձայնութիւն կայացնելու և տեղական խռովութիւնները դադարեցնելու մասին։ ճիշտ է, ծերունի կաթողիկոսը Կ․ Պօլսում էլ վախճանվեց, բայց և այդպէս, կար, ինչպէս երևում է, մի արգելք, որ մահից առաջ էր կտրել նրա ճանապարհը դէպի Հռօմ։ Գոնէ մի օտարազգի հեղինակ, Ռիկօ, գրում է հետևեալը․ «1670 թւին, երբ ես Զմիւռնիայից Անգլիա գնալու համար բռնեցի Հռօմի և Իտալիայի ճանապարհը, շշուկ էր տարածված ամբողջ Եկեղեցական Պետութեան մէջ, թէ հայոց աոաջին պատրիարքը, իր մի քանի միտրօպօլիտների ուղեկցութեամբ, շուտով գնալու է Հռօմ պապին հպատակութիւն յայտնելու համար։ Այնուհետև ես մի քանի ամիս մնացի Իտալիայում, բայց այնտեղ այդ պատգամաւորութեան մօտենալու մասին ոչ մի լուր չը ստացվեց, ուստի այն ժամանակից ես եկել եմ այն եզրակացութեան, որ հայոց պատրիարքը նոյնքան հեռու էր մի որ և է օտար եկեղեցուն հպատակվելու դիտաւորութիւնից, որքան Հայաստանը հեռու է Հռօմէական կրօնի աթոռից»[1]: Եւ սակայն այդ պատրիարքը էջմիածնից դուրս էր գնացել՝ յատկապէս Հռօմ գնալու համար։ Պարզ է ուրեմն, որ ճանապարհին նրան յետ էին կանգնեցրել այդ մտքից[2]:

  1. Снош. Петра Вел., եր. XX
  2. Պալճեան վարդապետի «Պատմութիւն կաթողիկէ վարդապետության» գրքից երևում է(եր. 163) որ Կ. Պօլիսսում գտնվող եզուիտները մահվան անկողնում պառկած ծերունի կաթողիկոսին ստորագրել տուին մի թուղթ, որով նա իր հպատակութիւնն էր յայտնում Հռօմի պապին։ Բայց այս թուղթը արգելք չեղաւ որ կաթողիկոսը թաղվի հայոց եկեղեցու կարգով և ոչինչ նշանակութիւն չունեցաւ և ապագայում։ Նշանակում է, որ այս թուղթն էլ, ինչպէս և շատ ուրիշները անցեալում, գրված էր յայտնի քաղաքական պայմանագրութեամբ։