Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհականների մի մասը—համարեա կէսը-Հայաստանի մի հատ գաւառից էր, այն է՝ Ղարաբաղի կողմերից, մի լեռնային երկրից, ուր հայերը դեռ պահպանում էին կիսով չափ անկախութիւն:

Ինչո՞ւ այդքան փոքր, սակաւամարդ էր Էջմիածնի ժողովը, որ պիտի վճռէր այնքան կարևոր, համազգային հարց։ Վախը՝ թէ մահմեդականները կիմանան գեաւուրների գաղտնի նպատակը, անշուշտ, կար, բայց միակ պատճառը չէր։ Ամենագլխաւորը, թւում է, այն պիտի լինի, որ օտար միջամտութեամբ ազատութիւն գտնելու միտքը ժողովրդականութիւն չունէր։ Եւ չէր էլ կարող ունենալ մի երկրում, ուր ազգաբնակութիւնը վերջին ծայր հարստահարված էր, սերունդների մի երկար շարքի սարսափները ժառանգած և հասած ստրկական այն հասկացողութեան, թէ պէտք է լուռ, ու համբերատար լինել և չը գրգռել տիրողներին: Այդ է պատճառը, որ ամբողջ պարսկական Հայաստանում միայն մի լեռնաստան համակրութեամբ վերաբերվեց այդ քաղաքական քայլին․ այդ է պատճառը, որ ապագայում էլ ազատական շարժումը ․Ղարաբաղի լեռներում սկսվեց և այդտեղ էլ ամփոփվեց, արձագանք չը գտնելով միւս տեղերի հայերի մէջ։ Անպատճառ պէտք է աւելացնել և այն, որ Հռօմին հպատակվելու միտքը, ինչպէս միշտ, այս անգամ էլ, երևի, ընդհանուր համակրանք չը գտաւ հայ հոգևորականութեան մէջ: Ապացոյց այն, որ պատգամաւորութիւնը, Յակոբ կաթողիկոսի հետ հասնելով Կ․ Պօլիս