Եւրօպայի հեռաւոր կողմերում էին ազատ մամուլի տեղ որոնում․ ի՞նչպէս էր, որ Կ․ Պօլիսը, նրանց ճանապարհի վրա գտնվելով, չը կարողացաւ կայան դառնալ նրանց ուղած տպարանի համար և հարիւր տարվայ ընթացքում մի տպագրած տող էլ լոյս չը հանեց։
Մեզ արդէն ծանօթ փաստերը հասկացնում են, թէ ինչ էր այդ երևոյթի պատճառը։ Մի տեղ, ուր բարքերը կատարեալ վայրենացման են հասնում, ուր սանձարձակ կրքերը, հալածանքները, փոխադարձ մատնութիւնները տակն ու վրա են անում հասարակութիւնը մի ամբողջ դար, ստեղծելով համարեա մի մշտական ահաբէկ դրութիւն, մի տէրրօր,—մի այնպիսի տեղ չէին կարող պատուաստվել առհասարակ կուլտուրական ձեռնարկութիւներ և մանաւանդ ապարան, որ պահանջում է որոշ աստիճանի մտաւոր պատրաստութիւն։ Խաւարը Գուտենբերգի գիւտի ամենամեծ թշնամին է․ իսկ մենք գիտենք, թէ որքան թանձր էր խաւարը այն հոսանքների մէջ, որոնք բռնացել էին Կ․ Պօլսի հայերի վրա, ինչպէս տգիտութիւնն էր ու ամբարտաւան փառասիրութիւնն էր ասպարէզի տէրը դարձել, իսկ ենիչէրական սանձարձակութիւնը—նպատակին հասնելու ամենաապահով մի միջոցը։ Ո՞վ այդպիսի ժամանակներում պիտի մտածէր գրքի մասին և մանաւանդ ո՞վ պիտի տանջանքներ ու վնասներ յանձն առնէր ժողովրդին գրքեր տալու բարձր, վերացական գաղափարի համար։
Բայց XVII դարում Կ. Պօլսի հայութիւնը պատած