այդ խաւարի մէջ երևում է մի փոքրիկ համեստ շող։ Դա մի հասարակ մարդ էր, Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան։ Յանկարծ, անսպասելի կերպով, 1677 թիւն Կ․ Պօլսում հիմնվում է մի տպարան՝ այդ աշխատասէր, զարգացած մարդու ջանքերով։ Նա պատրաստել է տալիս տառերի մայրեր, սարքում է տպարանը, մինչև իսկ փորձի համար երկու փոքրիկ տետրակ է հրատարակում — մէկը իր սեփական ոտանաւոր աշխատութիւնը, որ Երուսաղէմի նուիրական վայրերի նկարագրութիւնն է (պատկերազարդ), իսկ միւսը Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի» քերթուածի մի մնացորդ կտորը։ Դրանից աւելին չը կարողացաւ անել Երեմիա Չէլէպին իր անկատար և աղքատիկ տպարանում, և այնուհետև ամբողջ քսան տարի էլ Կ․ Պօլսում ոչ մի հատ գիրք չը տպվեց։
Քէօմիւրճեանի այսքան կարճատև և աննշան տպարանական գործունէութիւնը յիշատակութեան արժանի չէր լինի, եթէ նրա պատրաստել տուած մայրերը նոյն դարի վերջում ուրիշները կարգի չը բերէին, չը բարեփոխէին ու նոր տպարան չը բաց անէին։ Այդպիսով Երեմիան առաջինն էր, որ զարկ տուեց, գաղափար կենդանացրեց XVIII դարում տպագրութիւնը ծաղկեց Կ․ Պօլսում և շատ եռանդուն գործունէութիւն ցոյց տուեց. ուրեմն, այդ գործունէութեան նախահայրը ամենայն իրաւունքով Քէօմիւրճեանը պիտի համարվի։ Անշուշտ, նա կարող էր աւելի բեղմնաւոր տպագրիչ լինել, որովհետև մի շատ լաւ պատրաստված, հասկացող մարդ էր. բայց, ինչպէս երևում է, ժամանակակից