Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսված նոր վրդովմունքը, որից առաջանում է գայթակղութիւն շատերի համար, որովհետև շշնջում են «կաթօլիկ և հերձուածող, ֆրէնկ և հայ»․ ու վերջը ո՞վ գիտէ որտեղ է լինելու»։ Երեմիան հասկանում էր, որ այդ ժամանակ խռովութիւնները դեռ միայն սկսվում են։ Սա մարգարէական հեռատեսութիւն էր. եղբայրասպան ատելութիւնը ի՜նչ զզուելի տեսարաններ պիտի բաց անէր Կ․ Պօլսում այդ նամակից մի տասը տարի անցած: «Մենք մեր ցաւն ունէինք-շարունակում է նա- և այժմ հասկանալով, որ սա դեռ երկունքի սկիզբն է, շուարած ենք մնացել․ մէկն օրհնում է, միւսը անիծում, իսկ երրորդը, որ աւելի ևս չար է, հանում է մեզ հաւատից»[1]:

Ահա ինչպիսի մարդիկ էին պակասում հայերին։ Քէօմիւրճեանը մենակ էր և նրան չէին լսում: Նա գանգատվում է, թէ երբ ուզում է խօսել և հասկացնել, մարդիկ սկսում են յանդիմանել և ասում են թէ ո՞վ է նրան իշխան և դատաւոր կարգել իրանց վրա։ Այդ պատճառով էլ նա դիմում էր հայոց կաթողիկոսին, որպէս զի գոնէ դրանով կատարած լինի իր պարտականութիւնը։ Սակայն ի՞նչ պիտի կարողանար անել Եղիազարը, մի մարդ, որ ինքն էր այնքան վատ օրինակ հանդիսացել իբրև փառասիրական ձգտումների համար անվերջ խռովութիւններ յարուցանող. ո՞ւմ պիտի նա հասկացնէր թէ վատ են այն արարքները, որոնց մէջ նա ինքը երկար տարիներ այնպիսի տխուր հռչակ

  1. «Չամչեան, Գ., եր. 722:»