Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սողոմոն Լևոնեանին ամբողջ 14 տարի, առանց որ և է վարձատրութեան։ Թէ որքան ողորմելի միջոցներով էր Ոսկանը գործ տեսնում Եւրօպայում, այդ երևում է նրանից, որ Մատթէոսի պէս մի հմուտ և ժիր աշխատաւորին անհնարին էր լինում վարձ տալ։ Դրա փոխարէն Յակոբ կաթողիկոսը կերակրում էր Մատթէոսին խոստումներով․ յորդորում էր նրան չը հեռանալ Ոսկանից և նրա տպարանից, խոստանում էր վարձատրել և ապահովեցնում էր, որ եթէ ինքը, կաթողիկոսը, վախճանվելու էլ լինի, վարձատրելու պարտքը կը մնայ Էջմիածնի վրա և յաջորդ կաթողիկոսը կը կատարէ այդ պարտքը։ Բայց Մատթէոսը չը տեսաւ այդ խոստումների կատարումը, և չը նայած դրան, հաւատարմութեամբ ու բարեխղճութեամբ ծառայեց գործին։ Մի մարդ էր դա, որ կարող էր ասել, թէ ծառայում է գաղափարին։ Եւ անձնական այդպիսի բարեմասնութիւնների հետ նրա մէջ միանում է տպագրիչի խոշոր ընդունակութիւնը։ Մատթէոսը այնքան գեղեցիկ կերպով ուսումնասիրեց արուեստը, որ եւրօպացի վարդապետներից յետ չէր մնում և նրա կատարած մի քանի գործերը ամենայն վստահութեամբ կարող են համարվել հայկական տպագրութեան գոհարներ։

Բայց հմուտ, նոյն իսկ տաղանդաւոր տպագրի լինել բաւական չէր գրքեր հրատարակելու համար. պէտք էր ունենալ նաև գրական պատրաստութիւն և մանաւանդ դրամական միջոցներ։ Քանի որ ընկեր էին երևանցի քահանան և ջուղայեցի վաճառականը, գործը կարող էր երեսի