Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յաղթութիւնը տարաւ թիւրքերի դէմ, նուաճելով Ազօվ քաղաքը։ Դա Պետրոս Մեծի գործն էր և մի նոր հրճուանք տարածեց Արևմուտքում։ Պետրոսը իր դեսպանի միջոցով յայտարարեց լեհական արքունիքին, թէ ինքը մտադիր է հրաւիրել պետութիւնները որ միասին ազատարար արշաւանք սկսեն՝ արևելեան քրիստոնեաներին անօրէնների իշխանութեան տակից հանելու համար։

Իր այդ մտադրութեան մասին թագաւորը նամակով յայտնեց յունաց պատրիարքին, աւելացնելով, որ մինչև իր վերջին շունչը պիտի աշխատէ։ Հօլլանդիայում Պետրոս Մեծը պատրաստել տուեց իր պատկերը, որի շուրջը գրված էր․ «Պետրոս, ռուս-յունական թագաւորութեան միապետ»։

Նոյն 1697 թւականին աւստրիական զօրքերի հրամանատար Եւգենիոս Սավօյացին ահաւոր ջարդ տուեց թիւրքերին Տիսա գետի մօտ, մի ջարդ, որ մոռացնել էր տալիս նոյն իսկ Վիեննայի պարտութիւնը։ Եւ յաղթահարված, ուժասպառ Թիւրքիան հարկադրված եկաւ գլուխ իջեցնել այն գեաւուրների առաջ, որոնց մինչև այդ արհամարհում էր։ Յաղթողները պահանջում էին խաղաղութեան դաշինք կապել, և յաղթվածը բացի համաձայնվելուց ուրիշ մի ճար չունէր։ Կարլօվից անունով աւանում հաւաքվեցին պետութիւններ ի ներկայացուցիչները, որոնք 1698-ին կազմեցին Կարլօվիցի դաշնադրութիւնը։ Դա առաջին ահեղ հարուածն էր, որ հանեց թիւրք պետութեան հիմքերը կազմող քարերից մէկը։ Պատմութիւնը այդ