Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթօլիկութեան, Օրին ոչինչ դժուարութիւն չը պիտի գտներ Էջմիածնում․ Նահապետին կը մնար նորից մի թղթով հաւատացնել պապին թէ իր հպատակութիւնը գործնական փաստերով էլ կապացուցանէ, և Օրին միանգամայն ապահոված կը համարէր իր ծրագրի այն մասը, որ դաւանափոխութեան էր վերաբերվում։ Բայց հայ քաղաքական գործիչը հեռացաւ Էջմիածնից բոլորովին հիասթափված․ նա համոզվեց, որ Նահապետին հետաքրքրողը ոչ կաթօլիկութիւնն էր, ոչ էլ դրա հետ կապված ազգային ամենակարևոր հարցը, այլ պարսիկ պաշտօնեաներին կաշառելու միջոցով իշխելը։ Այս իրողութիւնը ցոյց է տալիս, որ չը պէտք է առանձին կարևորութիւն տալ այն թղթին, որ Նահապետը ուղարկել էր Հռօմ։ Եզուիտներից աջակցութիւն գտած կաթողիկոսը սիրտ սիրաշահելու համար գրած պիտի լինի հպատակութեան թուղթը, որի հետևանքը կը լինէր կաթօլիկ կրօնաւորների հետ հաշտ ապրելը։ Բայց երբ եկաւ վճռական րօպէն, երբ պէտք եղաւ գրածը գործով ապացուցանել, կաթողիկոսը բացէ ի բաց մերժեց կաթօլիկանալու միտքը․․․

Իսրայէլ Օրին ուղևորվեց իր հայրենի տունը։ Այստեղ երևում է մեծ գաղափարին ամբողջ հոգով նուիրված մարդը, որ գիտէ թէ ձեռնարկութեան աջողութեան համար պէտք է ուրանալ ծնողներին ու ազգականներին անգամ։ Մի գիշեր է մնում նա իրանց տանը իբրև հիւր։ Նրա քոյրը, իմանալով, որ հւրը հեռաւոր տեղից եկած մի օտարական է, սկսում է հարց ու փորձ անել