Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչդեռ Օրին հազիվ աջողեցրել էր Հռօմի պապից դեսպանութեան պաշտօն ստանալ՝ Պարսկաստան գնալու, և տեղային հանգամանքները աւելի լաւ ուսումնասիրելու համար, Էջմիածնի Ալէքսանդր կաթողիկոսը գրում էր նոյն այդ պապին․ «Ամենաթագաւոր Աստուածը մեր թագաւորին, որի իշխանութեան տակ պատսպարված ենք մենք, թող տայ թագաւորութեան հաստատութիւն և մենք ձեզանով աղօթք ենք մատուցանում, ինչպէս խրատել է մեծ Պօղոսը, որ այսպէս հանդարտութեամբ ենք, վարում մեր կեանքը, ինչպէս չէ եղել և մեր թագաւորների օրերում, երբ իշխանութինը մերն էր» [1]։ Այսպէս մտածողներ էլ կային հայերի մէջ։ Միակամութիւն և ընդհանուր պատրաստականութիւն, ուրեմն, չը կար։

Ոգևորութիւն, վառ ցանկութիւն անպատճառ մի բան անել հայրենիքի փրկութեան համար-ահա հանգամանքներ, որոնք ներելի են դարձնում այն ֆանտաստիական չափազանցութիւնները, որոնք վխտում են Օրիի ծրագիրների մէջ։ Մենք տեսնում ենք նրանց մէջ խիստ աչքի խփող տենդենցիա, ձգտում անպատճառ մեծացնելու և ուռցնելու հայերի ոյժը և ընդհակառակն, նուազեցնելու այն երկաթէ շղթայի նշանակութիւնը, որ դարերից ի վեր փաթաթված էր նրանց վզին։ Դժուար չէր եզրակացնել այդ ծրագիրներից, թէ դժբախտ չէր կարող լինել մի ազգ, որ ընդունակ է—եթէ, ի հարկէ, հաւատանք Օրիին-պատերազմի դաշտ հանել 200 հազար զինուոր։ Նոյն

  1. Պատմ. Նոր Ջուղայու, II հատոր, եր․ 45։