սրբութիւնը-ընտանիքը գեավուրի համար անկողոպտելի սեփականութիւն չէր: Ինչ որ գեղեցիկ էր ու թարմ, պատկանում էր տիրողին։ Կատարեալ դժբաղդութիւն էր գեղեցիկ տղայ կամ աղջիկ ունենալը։
Թիւրքիայում ենիչէրական գնդերը կազմվում էին այն քրիստոնեայ երեխաներից, որոնք խլվում էին իրանց թշուառ մայրերի գրկից: Դա մի տեսակ դժոխային հարկ էր: Նշանակված ժամանակներում կատարվում էին մանկաժողովներ․ արտասունք, աղաչանք ոչինչ էին, ծնողական ծոցից հանված մանուկները կրթվում ու դաստիարակվում էին մահմեդական կրօնի մէջ, դառնում էին վայրենի ու արիւնարբու ենիչէրիներ, որոնք ամենից շատ իրանց նախկին դաւանակից քրիստոնեաներին էին ատում և տանջում։ Ռայեան իր սեփական հիւթերից պատրաստում էր իր համար սոսկալի թոյն-այսպէս էր օսմանեան դիւական սիստեմը։ Քրիստոնեայ երեխաներից պատրաստած զօրքերով ահագին նուաճումներ կատարելով, թիւրքը հասած էր լինում իր իդէալի կէսին․ մընում էր միւս կէսը-հարեմական երջանկութիւնը, և այդտեղ էլ նրա ծառայութեան պատրաստ էին գեաւուրների հօտերը։ Մանկաժողովներր պետութեան համար էին, բայց նրանից աւելի յաճախ կրկնվող աղջկաժողովները ամեն մի խանի, փաշայի ու բէկի համար էին լինում։ Այդ տեսակ աղջկաժողովների մի նկարագրութիւն տալիս է Զաքարիա սարկաւագը, իսկ մանկաժողովների պատճառած ընդհանուր սուգն ու յուսահատութիւնը