Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք կարծում ենք, որ կար պահանջ և 1512-1513-ի տպագրութիւնները քմահաճոյքի կամ շռայլութեան կերպարանքը չունէին։ Ամբողջ հարցը միայն նրա մէջ է թէ որտեղ էր զգացվում պահանջը և ո՞րքան հնարաւորութիւն կար այդ պահանջին բաւարարութիւն տալու։

Եւրօպացին, ինչպէս տեսանք, պատրաստ էր հային օգնելու, տալով նրան տառեր, տպարանական պարագաներ։ Բայց եւրօպացին չէր կարող գրքեր էլ ընտրել հայի համար, հրատարակութիւններ կատարել իր ուզածին պէս։ Պէտք էր որ հայը որոնէր իրան հարկաւոր գրքերը։ Եւ եթէ ուզենանք իմանալ թէ որոնողը ո՞վ պիտի լինէր, ամենից առաջ աչքի առջև կը գայ այն հայութիւնը, որ ապրում էր Եւրօպայի մէջ, տպագրական զարգացած և ընդհանրացած գործի կողքին։

Այդտեղից ահա որոնողների մի ահագին թիւ պիտի ստացվէր, որովհետև Եւրօպայի հայութիւնը սակաւաթիւ և աննշան մի բան չէր։ XVI դարի սկզբում մենք միայն Միջին Եւրօպայում ունէինք Լեհաստանի գաղթականութիւնը՝ մօտ 10 հազար տուն, Մօլդավիայինը՝ 3 հազար տուն։ Ունգարիայի գաղթականութեան թիւը յայտնի չէ, բայց այնտեղ եղած հայերը այնքան շատ էին, որ կարող եղան քաղաք ու աւան հիմնել իրանց համար: Յայտնի է թէ որքան նախանձելի էր հայ գաղթականութիւննեի նիւթական դրութիւնը Եւրօպայի մէջ։ Ամեն տեղ նրանք լայն արտօնութիւններ էին ստանում՝ առևտրով պարապելու համար։ Լեհաստանի հայերը այնքան մեծ ազդեցութիւն ունէին,