Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր և անթիւ պատերազմներ մղեց թէ Եւրօպայի և թէ Պարսկաստանի դէմ, և միշտ յաղթական պատերազմներ։

Ամբողջ Հայաստանը երկու ահաւոր թշնամիների ոտների տակն ըեկաւ։ Վանը, Բաղէշը, Երզնկան, Կարինը, Արարատեան երկիրը ձեռքից ձեռք էին անցնում։ Թէ ինչ օրեր էին քաշում այդ դժբախտ տեղերը, կարելի է հասկացողութիւն կազմել, կարդալով ականատես Թադէոս վարդապետ Սեբաստացու ողբը, որ բերում է Չամչեանը իր Պատմութեան մէջ[1]: Ահա թէ ինչ է պատմում այդ վարդապետը.

Հայոց հազար թւականն էր (1551)։ Ղզլբաշները (պարսիկները) շարժվեցին հայոց ազգի վրա՝ նրա մնացորդները մանրելու և մաշելու համար։ Սրանց բերած աղէտները աւելի են Լէնկթիմուրի աղէտներից։ Մի ամբողջ տարի է, ինչ անդադար ման են գալիս քաղաքներ աւերելու և ստացուածք կողոպտելու համար․ ինչ տեսնում են աչքով, իսկոյն պահանջում են․ և հարկերի անունով վերջին աղքատութեան հասցրին մեր ազգը։ Երբ մէկի բերանից լսում են Քրիստոսի անունը, նրան չարաչար տանջում են․ և եթէ նա չէ դադարում Քրիստոսին ճշմարիտ Աստուած դաւանելուց, նրա բոլոր ունեցածը խլում են և իրան էլ սպանում։ Իրանց թագաւորին, որին շահ են անուանում, Աստուծուց աւելի են պաշտում․ բայց սա մեզ համար փարաւոն դարձաւ և Սենեքերիմից ու Նաբուգօգօնօսօրից էլ վատ․ գիւղ չը թողեց, քաղաք չը թողեց, որ չը վնասէ․ որը կրակով էր այրում, որը հիմնայատակ քանդում էր, ամրոցների և աւանների շինութիւն չէր թողնում, մանաւանդ եկեղեցիների և վանքերի շատ քահանաներ և կրօնաւորներ էլ սպանեց։ Նրա զօրքհրը փռվեցին Վասպուրականի և Տուրուբերանի
  1. Հատ․ III, գլ․ Ժ.