Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յարձակվեցին։ Սկսվեցին թիւրք-պարսկական պատերազմները, ահաւոր, երկարատև, արիւնահեղ այդ պատերազմները, որոնք այնքան տառապանքներ պատճառեցին հայ ազգին։

Օսմանեան սուլթանների մէջ միայն Սէլիմ առաջինն է, որ ստացել է յատուկ անուն Եավուզ (արնախում)։ Սա ցոյց է տալիս որ այդ սուլթանի արնախմութիւնը ընդունակ էր նոյն իսկ օսմանցիներին զարմացնելու։ Այդ Եավուզը, Շահ-Իսմայիլի սիրտը այրելու համար, կոտորել տուեց իր պետութեան մէջ ապրող 40 հազար շիա մահմեդականներ։ Մի օր էլ նա վճռեց որ քրիստոնեաներ չը լինեն։ Եւ երբ յունաց պատրիարքը կարողացաւ համոզել նրան, որ քրիստոնեաները սուլթանների տուած իրաւուանքով են շունչ քաշում Օսմանեան հողի վրա, Եավուզը յետ վերցրեց իր սարսափելի հրամանը, բայց խլեց քրիստոնեաների բոլոր գեղեցիկ եկեղեցիները, մզկիթ դարձրեց, գտնելով որ քրիստոնեաները արժանի են միայն փայտաշէն եկեղեցիների։

Ահա այդ մարդն էր, որ արշաւեց մինչև Թաւրիզ, ջարդեց ու փախցրեց Շահ-Իսմայիլին, տիրացաւ Հայաստանին և Քրդաստանին։ Բայց բանը դրանով չը վերջացաւ, և աւերված երկիրը Թիւրքիայի վերջնական սեփականութիւն չը դառաւ։ Պարսիկները յետ էին խլում իրանցից առած երկիրները, օսմանցիները նորից նուաճում էին նրանց։ Եավուզը երկար կեանք չունեցաւ, բայց նրա որդի Սիւլէյմանը, որ եւրօպացի պատմիչներից ստացել է Փառահեղ տիտղոսը, շատ երկարակեաց