Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարի անցնելուց յետոյ Ստեփանոսի յաջորդ Միքայէլ կաթողիկոսը կրկնեց մի և նոյն փորձը։ Նա էլ հեռացաւ Էջմիածնի ծանր մթնոլորդից, բայց քայլերը ուղղեց դէպի իր հայրենի Սեբաստիան, կաթողիկոսութիւնը յանձնելով իր փոխանորդին։ Սեբաստիայում նա ծանօթացաւ եւդօկիացի (թօխաթցի) Աբգար անունով դպիրի հետ, որ, ինչպէս ենթադրվում է, շատ նշանաւոր ծագում ունեցող մի մարդ էր, գուցէ թագաւորական տոհմի սերունդներից մէկը։ Ահա այդ մարդուն Միքայէլ կաթողիկոսը պատգամաւոր ուղարկեց Հռօմ։ Աբգարի հետ էին նրա որդին Սուլթանշահը և մի վարդապետ։ Պապին գրած նամակի մէջ Միքայէլ կաթողիկոսը առաջարկում էր լինել «մի հօտ, մի հովիւ, որպէսզի դրա հետ կարելի լինի աչք դնել գերութիւնից ազատվելու վրա», իհարկէ, պապի օգնութեամբ[1]:

Ուրեմն մեզ ծանօթ առաջարկութիւնների կրկնութիւնը։ Ամեն ինչ այս է հաստատում։

Հայերի այս պատգամաւորութեան մասին մանրամասն տեղեկութիւններ հաղորդողները հռօմէական աղբիւրներն են, որոնք և ասում են, թէ հայոց կաթողիկոսի թղթի մէջ կային ծածկագրութիւններ և նշաններ, որոնց բացատրութիւնը միայն Աբգարը կարող էր տալ։ Սա աւելի ևս հաստատում է այդ պատգամաւորութեան քաղաքական հանգամանքը։ Եթէ հարցը պարզապէս կրօնական լինէր, հարկ չէր լինի դիմելու ծածկագրութեան․ երևի այդտեղ թագցրված էին այն

  1. Չամչեան, Պատմ․ Հայ․, III հ․, եր․ 520․