Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բան անելը, այլ և մտածելն անգամ:

1555 թւականին մեծ ինքուիզիտօր Կարաֆֆան ընտրվեց պապ և ստացաւ Պօղոս IV անունը։ Սրբազան ինքուիզիցիայի կատարեալ և ծայրայեղ յաղթանակն էր դա։ Նոր պապի առաջին գործը եղաւ արգելք դնել գրքերի վրա։ Նա հրատարակեց Ինդեքս, ցուցակ այն գրքերի, որ կարդալ և պահել չէին կարող կաթօլիկները։ Դա մի սև մահվան կնիք էր, որ դրոշմվում էր մարդկային մտքի վրա։ Արգելվում էին, ի հարկէ, փոքր ի շատէ ազատ միտք պարունակող գրքերը, արգելվեցին նոյն իսկ այնպիսի կրօնական գրքեր, որոնց ուղղափառութիւնը բաւականաչափ պարզ չէր թւում ինքուիզիցիայի պաշտօնեաներին։

Սարսափը, բռնութիւնները աւելի մեծ գործ կատարեցին, քան Քրիստոսի կտակած հեզութիւնը, գթասրտութիւնը։ Սրբազան ինքուիզիցիայի կրակը մաքրեց Իտալիան։ Բոլոր հերիտիկոսները, ինչպէս նաև բոլոր այն ազնիւ մարդիկ, որոնք չէին կարող պապական այդ տերրօրի հետ հաշտվել, փախան Իտալիայից, էսկ որոնք փախչել չը կարողացան, նրանք կամ մռայլ բանտերի մէջ փտեցին կամ այրվեցին խարոյկների վրա։ Ոչ մի զիջում, ոչ մի թուլութիւն, որ խնայէր յանդուգն ախոյեանին։ Բայց Լիւթերի շինութիւնն էլ աւազի վրա չէր հիմնված․ կաթօլիկութիւնը նրան քշել-տանել չը կարողացաւ, բայց և այդպէս, մեծ աջողութիւն ձեռք բերեց, կանգնեցնելով բոդոքականութեան յաղթական գնացքը։

Այդ աջողութիւնը, սակայն, մահ էր մարդկային