Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը օտար շրջանակներում: Կազմակերպել է գիտաժողովներ, դասընթացներ, ազգագրական համերգներ: Մեծ կարևորություն է տալիս Հարավային Ամերիկայի հայ գաղութների պատմության ուսումնասիրմանը: 1992-ին հիմնարկության ջանքերով հիմնվել է հայագիտական ամբիոն Դել Սալվադոր համալսարանի արևելագիտական ֆակուլտետում: Հրատարակել է «Հայերը Հարավային Ամերիկայում» ժողովածուն, ինչպես և երեք գրքույկ՝ հայ ժողովրդի ծագման, Արցախի պատմության հարցերի և հայ գրականության վերաբերյալ: Կապեր ունի Հայաստանի գիտական տարբեր կենտրոնների հետ:

ՄՇԱԿՈՒՅԹ

Արգենտինահայ մշակութային կյանքը սկսել է ձևավորվել 1920-ական թթ.: 1960-ական թթ-ից հայրենիքի հետ սերտացող կապերը, գեղարվեստական կոլեկտիվների, գիտության, կրթության և մշակույթի գործիչների փոխայցելությունները մեծապես խթանել են համայնքի մշակութային կյանքի զարթոնքը:

Գրականություն: Հայ գրական կյանքն Ա-ում չի ունեցել զարգացման հետևողական ընթացք, չեն ստեղծվել գրական ավանդույթներ: Հայագիր հեղինակների մեծ մասը հիմնականում եկել է Կ. Պոլսից, Միջին Արևելքի և այլ երկրներից: 1930-ական թթ. սկզբին Պրահայում և Փարիզում աշխույժ գրական կյանքից հետո Բուենոս Այրեսում հանգրվանած արձակագիր Ռենը (Ռուբեն Վարդանյան) ստանձնել է «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Հրատարակել է «Գնդակահարվածները» վեպը, «Որբերը» և «Պատմվածքներ» հատորները: 1938-ին Բուենոս Այրեսում հաստատված բանաստեղծ Վարդան Գևորգյանը վարել է «Արմենիա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, կատարել թարգմանություններ, գրել հրապարակախոսական հոդվածներ: Նրա գործերից են «Ծովուն երգը», «Ոսկի սափոր», «Մտածումի և հառաչանքի շիթեր» ևն: Հրատարակել է հայոց լեզվի, աշխարհագրության և պատմության դասագրքերի շարք:

1938-ին Բուենոս Այրեսում հաստատված հայրապետական պատվիրակ Գարեգին արք. Խաչատուրյանը եկեղեցական գործունեությունից զատ զբաղվել է նաև հրատարակչական, գրական ու թարգմանական աշխատանքներով: 1938-40-ին խմբագրել է «Հայ կեդրոն» ամսաթերթը, ապա հրատարակել «Արարատ» ամսագիրը (1943-47): Լույս է ընծայել «Աշխարհի լույսն ի Հայս» (երկու հատոր), «Արևագալ» և բազմաթիվ կրոնաբարոյական հանրամատչելի գրքույկներ: Աշխարհաբար լույս է ընծայել Նոր կտակարանը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը և Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» երկը:

1959-ից Ա-ում է ստեղծագործել ազգային գործիչ և բանաստեղծ Արմեն Սևանը (Հովհաննես Դևեջյան): 1960-65-ին եղել է «Արմենիա» թերթի խմբագիրը: Հրատարակել է «Երգեր բանտեն», «Վերջալույսի տաղեր», «Կյանք և երազ» բանաստեղծական հատորները և այլ գործեր:

1956-ին Կ. Պոլսից Ա. է եկել բանաստեղծ, արձակագիր, թատերագիր Վարուժան Աճեմյանը: Խմբագրել է «Շարժում» և «Սարտարապատ» շաբաթաթերթերը: 1993-ին հրատարակել է պատմվածքների և թարգմանությունների «Լռութենեն անդին» ժողովածուն:

Միջին սերնդի ստեղծագործողներից հայտնի է 1970-ին Բուենոս Այրեսում հաստատված Պետրոս Հաճյանը: Սկզբնական շրջանումզբաղվել է ուսուցչական և խմբագրական աշխատանքով: Եղել է «Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիրը (1971-86): Հրատարակել է «Հրամմեցեք, պարոններ» (1995) պատմվածաշարը, «Հայ մտքի մշակներ» ակնարկները (երկու հատոր՝ 1987, 1990, հայերեն, իսպաներեն), «Պարզ քերականություն» (1988) դասագրքերի շարքը:

Նոր սերնդի ներկայացուցիչներից են Խաչիկ Տեր-Ղուկասյանը և Վարդան Մատթևոսյանը: 1987-ին հաստատվելով Բուենոս Այրեսում՝ Խ. Տեր-Ղուկասյանը ստանձնել է «Արմենիա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Հեղինակ է մի շարք բանաստեղծությունների, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների: Հայագիտական, գրական, թարգմանական և հրապարակախոսական հոդվածներով սփյուռքահայ և հայրենի մամուլի էջերում հանդես է գալիս Վ. Մատթևոսյանը: Թարգմանական բազմաթիվ հատորների շարքում են Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի հատընտիրները, Երվանդ Օտյանի «Առաքելություն մը ի Ծապլվար» գործը: Իսպաներենից հայերեն է թարգմանել բանաստեղծություններ և արձակ գործեր: Հրատարակել է իսպաներեն երեք գրքույկ՝ «Ներածություն հայ գրականության», «Արմենիա անվան առաջին հիշատակումը պատմության մեջ», «Հայաստանից անդին», իսկ հայերեն՝ «Կատան Զարյանի շուրջ» մենագրական հատորը:

Իսպանագիր գրողներից հիշատակելի են հատկապես Ալիսիա Կիրակոսյանը, Ֆելիսիա Կույումջյանը և Ագուստին Դավիթյանը:

Ա. Կիրակոսյանը հայ ընթերցողին հայտնի է Վահագն Դավթյանի կատարած թարգմանությունների շնոր-