Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիվ: Հրատարակել է շուրջ քսան ժողովածու: Համարվում է «գերտարածական բանաստեղծություն» (որի մեջ կարելի է փնտրել համաշխարհային պոեզիայի նոր գեղագիտության առաջավոր ուղղություններից մեկը) դպրոցի հիմնադիրը: Նրա գործերից են՝ «Մեկ օր հինգ տարում», «Արմատ և էություն», «Նամակ առ Հայաստան», «Մայրություն» և այլն:

Ֆ. Կույումջյանն ունի արձակ և թատերական գործեր, ինչպես նաև բանաստեղծություններ: Հատկանշական է նրա մանկական ստեղծագործություններից «Աղջիկը և թիթեռնիկը», որը թարգմանվել է հայերեն:

Ա. Դավիթյանը հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Ուրացված մարդ էակը», «Դատապարտված մարդ էակը» և «Անհաղթ բառը»: Առանձին գործեր թարգմանվել են հայերեն:

Թատրոն: Դեռևս 1925-30-ին համայնքի սիրողական ուժերով ներկայացվել են Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», Ավետիս Ահարոնյանի «Արցունքի հովիտ», Գ. Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» և այլ գործեր: Թատերական կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է պոլսահայ դերասան Կարո Խաչիկյանը, որը մի քանի տարի ղեկավարել է Բուենոս Այրեսի Հայ ժողովրդական թատերախումբը: 1929-30-ին բեմադրություններ է կատարել հայտնի դերասան Լևոն Հարութը: 1932-36-ին դերասան, ռեժիսոր Հովհաննես Զարիֆյանը Ա-ում պիեսներ է բեմադրել տեղի թատերախմբերի հետ՝ մեծ աշխատանք կատարելով թատերական ուժեր պատրաստելու ուղղությամբ: Խաղընկերներից էին Ե. Խյմեթյանը, Հ. Փիլաֆյանը, Ս. Գալստյանը, Հ. Փաշինյանը և ուրիշներ: Զարիֆյանի բեմադրություններից են՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», Շիրվանզադեի «Պատվի համար», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Րաֆֆու «Խենթը» և այլ գործեր (խաղացել է գլխավոր դերերը): 1930-ական թթ. ներկայացումներին ակտիվ մասնակցել են դերասան-դերասանուհիներ Լ. և Ա. Վարդապետյանները, Ա. Ասատուրյանը, Կարո Գալիկյանը, Օննիկ Հովհաննիսյանը, Հ. Թերլեմեզյանը, Շուշանիկ Տեր-Բարսեղյանը և ուրիշներ: 1940-ական թթ-ից Բուենոս Այրեսում հաստատված դերասաններ Հայկ և Էմմա Արծիվները 1942-ին տեղի ուժերով բեմադրել են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան (կատարել են գլխավոր դերերգերը), ավելի ուշ գործել են Սեդրակ և Մաշա Սուրաբյան ամուսինները: 1949-50-ին հյուրախաղերով Ա-ում հանդես են եկել Մանվել և Ռոզա Մարության ամուսինները: 1950-ական թթ-ից գործել է Արգենտինահայ փորձառական թատրոնը: Բեմադրություններից են՝ Ալեքսանդր Արաքսմանյանի «Միքայել Նալբանդյան», Գ. Սունդուկյանի «Պեպո», Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ», Վահրամ Տատրյանի «Թաղականի ընտրությունը» ևն, որոնց մասնակցել են դերասան-դերասանուհիներ Սարգիս Գալթագճյանը, Ս. Քյուրելյանը, Սիմոն Թոփճյանը, Կյուրեղ Սարգիսոֆը և ուրիշներ: 1956-ին Ա. տեղափոխված պոլսահայ թատերական գործիչներ Հ. Սնապյանը և Վարուժան Աճեմյանը Բուենոս Այրեսում կազմակերպել են Պոլսահայ հայրենակցական մշակութային միությունը, որն ունեցել է թատերախումբ: Բեմադրվել է Վարուժան Աճեմյանի «Ամեն մարդ իր թուղթն ունի» (ռեժիսոր՝ Հ. Սնապյան) պիեսը, որտեղ գլխավոր դերերից մեկը խաղացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: 1957-87-ին Հ. Սնապյանը բեմադրել է բազմաթիվ գործեր: Հիշարժան են Կարլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Գաբրիել Արութի «Եթե իմ տեղս ըլլայիր» ևն գործերը: 1980-81-ին Ա-ում ներկայացումներ են կազմակերպել դերասան և ռեժիսոր Ժորժ Սարգիսյանը, Գրիգոր Սաթամյանը: 1984-ից Բուենոս Այրեսում գործում է «Ժորժ Սարգիսյան» թատերախումբը, իսկ 1995-ից՝ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը (ղեկավար՝ Հ. Մկրտչյան):

«Ժորժ Սարգիսյան» թատերախումբ, ստեղծվել է 1984-ին, Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ լիբանանահայ դերասան, ռեժիսոր, մշակութային գործիչ Ժորժ Սարգիսյանի: Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Գալուստ Ճանսզյան: Նպատակն է հայ մշակույթի և հայոց լեզվի պահպանումն ու զարգացումը Ա-ի հայ գաղութում: 1990-ից ներկայացումները տրվում են զուգահեռ թարգմանությամբ (իսպաներեն): Թատերախումբն ակտիվ մասնակցում է գաղութում կազմակերպվող ազգային բոլոր կարևոր միջոցառումներին: Բեմադրություններից են Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (1985), «Կիլիկիո արքան» (1988), Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» (1990), Վիլյամ Սարոյանի «Երջանիկ ծնունդ» (1991) ևն: Թատերախմբում են Սարգիս Մուշյանը, Էտկարատո Գևորգյանը, Հերմինե Ճանսգյանը և ուրիշներ: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Ուրուգվայում, Երևանում (1999):

Երաժշտություն: Արգենտինահայ արվեստագետները մեծ ներդրում ունեն Ա-ում հայ երաժշտության, պարարվեստի պահպանման և զարգացման գործում, ստեղծել են երգչախմբեր ու պարախմբեր, տեղացիներին ծանոթացրել հայ արվեստին:

Ա-ում հայտնի է երգահան Ալիսիա Թերզյանը: Նրա նախաձեռնությամբ 1968-ին կազմակերպվել է «Միջազգային հանդիպումների փառատոն», ավելի ուշ հիմնել է մի նվագախումբ, որի կազմում կան արգեն- տինացի ճանաչված երաժիշտներ.