Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Թերզյանի ղեկավարությամբ նվագախումբը մասնակցել է միջազգային փառատոների: Նա «ժամանակակից երաժշտությանը նվիրված միջազգային հանդիպումներ» կազմակերպության (պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հանձնախմբին) և Ա-ի երաժշտական միության նախագահն է, Չիլիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ:

Ա. Թերզյանի գործերն արժանացել են միջազգային մրցանակների, պարգևատրվել է շքանշանով ֆրանսիական կառավարության կողմից, Վազգեն Ա կաթողիկոսը նրան շնորհել է «Ս. Սահակ Ս. Մեսրոպ» շքանշան:

«Կոմիտաս» երգչախումբ, ստեղծվել է 1929-ին (նախապես՝ «Սպենդիարյան» անունով): Խմբավարներ՝ Լևոն Վարդապետյան, Մանուկ Հալպերյան, Մաքրուհի Էոլմեսեկյան: Հովանավորում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունը, հիմնականում ապահովում է պատարագի երգեցողությունը Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում: Պարբերաբար հանդես է գալիս հոգևոր և աշխարհիկ երգացանկով:

«Արաքս» երգչախումբ, ստեղծվել է 1957-ին, Բուենոս Այրեսում՝ Հայ երաժշտության բարեկամների ընկերակցության հովանավորությամբ: Խմբավար Ժան Ալմուխյանն արժանացել է ՀՀ կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակին: Երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական, դասական ստեղծագործություններ: Թողարկվել են ձայնապնակներ, ձայներիզներ՝ երգչախմբի կատարմամբ: Ելույթներ է ունեցել Ա-ում և Ուրուգվայում: Ունի բարձր կատարողական մակարդակ, սփյուռքահայ լավագույն երգչախմբերից է:

«Ս. Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբ, ստեղծվել է 1958-ին, Բուենոս Այրեսում: Գեղարվեստական ղեկավարն է (1997-ից) Նուբար սարկավագ Դեմիրճյանը:

«Շնորհալի» երգչախումբ, ստեղծվել է 1980-ին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հովանավորությամբ: Ղեկավար՝ Դիանա Գաբրիելյան-Սարաֆյան: Երկացանկն ընդգրկում է հայկական դասական և ժողովրդական երգեր, ինչպես և այլազգի հեղինակների գործեր:

Պարարվեստ: Ա-ում պարարվեստի զարգացմանը մեծապես նպաստել են հայ արվեստագետները: Երգչուհի-պարուհի էմե Աբրահամովան (Արփինե Շահպարոնյան) նախքան Ա. տեղափոխվելը հանդես է եկել Հռոմում և Փարիզում՝ ռուսական բալետի կազմում, Բուենոս Այրեսում նա դարձել է «Կոլոն» թատրոնի երգչուհի-պարուհի: Ճանաչված պարուհի է եղել նաև Նանի Մորան (Մարիա Քեչեջյան), որը հանդես է եկել «Էմբրուխո դե Սպանիա» և «Կաբալկադա» պարախմբերում: Ա-ում հայտնի պարուսույց է եղել պարուհի Լիա Սիրույանը, հայտնի է նաև հայկական պարերի բեմադրիչ Ռոսա Չաքրճյանը:

«Գայանե» պարախումբ, հիմնվել է 1960-ին, Բուենոս Այրեսում՝ Արգենտինահայ մշակութային միության հովանավորությամբ: Ղեկավարներ՝ Ռոսա Չաքըճյան, Միրթա Վարդանյան, Ալիսիա Անդրեասյան: Ծրագիրն ընդգրկում է հայկական ժողովրդական պարեր: Կից գործում է մանկական պարախումբ:

'«Նաիրի» պարախումբ,' հիմնվել է 1978-ին, Բուենոս Այրեսում՝ ՀՕՄ-ի հովանավորությամբ: Ղեկավարներ՝ Պետիկ Այվազյան, Ժորժ Թորիկյան, Էդվարդո Բալասանյան, Զավեն Կնյազյան, Նազարեթ Բոյաջյան: Ծրագրում ընդգրկված են հայկական ազգագրական պարեր: 1990-ից կից գործում է «Շիրակ» մանկական ուսումնարանն ու պարախումբը:

«Մասիս» պարախումբ, հիմնվելէ 1993-ին, Բուենոս Այրեսում: Ղեկավար՝ Զավեն Կնյազյան: Հովանավորում է հայ եկեղեցու առաջնորդարանը: Ծրագիրն ընդգրկում է հայկական ժողովրդական պարեր, պարային սյուիտներ՝ ղեկավարի կողմից հղացված ու բեմադրված («Կիլիկիա», «Ֆիդայիներ», «Երևանի հիմնադրությունը»):

ՄԱՄՈՒԼ

Ա-ում հրատարակվել են շուրջ 100 անուն պարբերականներ: Առաջին հայերեն պարբերականը «Արժենթինյան մամուլ» շաբաթաթերթն է, որը լույս է տեսել 1923-24-ին: Ներկայումս (2003) լույս է տեսնում չորս անուն թերթ՝ «Արմենիա» (ՀՀԴ) և «Սարտարապատ» (ՌԱԿ) շաբաթաթերթերը, «Նոր Սևան» (առաջադիմականների), «Generacion 3» (ՀԲԸՄ-ի Երիտասարդական լիգա), «Նոր Հաճըն», «Արարատ» (Ազգային առաջնորդարան) և «Dibet» (անձնական) պարբերաթերթերը Բուենոս Այրեսում և «Հայ» պարբերաթերթը (անձնական) Կորդովայում:

«Արարատ», ամսագիր: Լույս է տեսել 1943-47-ին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն: Հրատարակիչ-խմբագիր՝ Գարեգին արք. Խաչատուրյան: Տպագրել է ուսումնասիրություններ, էսսեներ, գրական նյութեր, մշակութային լուրեր, իսպաներեն հավելվածում՝ մասնավորապես հայագիտական կարևոր երկերի թարգմանություններ, հայ բանաստեղծության նմուշներ, հրատարակել է առանձին մատենաշար:

«Արմենիա», լույս է տեսնում 1931-ից, Բուենոս Այրեսում: 1954- 1989-ին՝ օրաթերթ, 1989-ից՝ շաբա-