ԲԵԼԳԻԱ
Բելգիայի Թագավորություն, պետություն Արևմտյան Եվրոպայում: Տարածքը՝ 30,5 հզ. կմ2: Բնակչությունը՝ 10,2 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Բրյոաել (1 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 7 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:
Բ-ում հաստատված հայերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XI դ. սկզբին: XIV դ. միջազգային առևտրի խոշոր կենտրոն Բրյուժ քաղաք այցելած հայ վաճառականներին թույլատրվել է Ս. Դոնատի եկեղեցու գավթում վաճառքի դնել իրենց ապրանքները: Երբ Բրյուժը կորցրել է առևտրական նշանակությունը (XV դ.), սկսել է նվազել նաև հայերի թիվը: 1378-ին Կիլիկյան Հայաստանի գահազրկված Լևոն Զ թագավորը եղել է Բ-ում: Մշակութային գործիչ, տպագրիչ Թովմաս Վանանդեցին մահացել է Անտվերպենում և թաղվել տեղի տաճարում:
XIX դ. վերջին հայեր կային միայն Բրյուսելում և Անտվերպենում: Նրանք զբաղվում էին ադամանդի, գորգի և ծխախոտի առևտրով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բ-ում հաստատված հայերը զբաղվել են նաև ծխախոտի արտադրությամբ (հիմնել են ծխախոտի 4 գործարան՝ «Արաքս», «Մարուֆ», «Ինֆի», «Տավրոս»): Հայերի թիվն սկսել է ավելանալ ի հաշիվ ուսանողների: Գենտի համալսարանն է ավարտել բանաստեղծ Դանիել Վարուժանը: Նրա անունը գրված է համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցանկում, իսկ համալսարանի պատին ամրացված է հուշատախտակ:
Բելգիահայ գաղութը կազմավորվել է XX դ. 20-ական թթ. սկզբին: 1920-ին Բ-ում հաստատվել է թուրքական ջարդերից փրկված ավելի քան 1000 հայ, որոնց թվում՝ նաև մտավորականներ: 1922-ին նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել է Բելգիահայ գաղութային վարչությունը (նախագահ՝ Մաքսուդ Միհրդատյան), որի նպատակն էր ստեղծել վերկուսակցական համագաղութային կառույց: Այդ տարիներին Բ-ում գործել է Հայ-բելգիական ընկերությունը, որը բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ թուրքական վայրագությունների:
Համայնքը սկսել է ստվարանալ 1941-50-ին. հայերի թիվը հասել է շուրջ 2,5 հզ-ի: 1965-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից Բրյուսել սովորելու եկած հայ ուսանողները հիմնել են «Հայ ուսանողների ընկերությունը»:
1970-ական թթ. հայերի մեծ հոսք է եղել Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Իրանից, 1990-96-ին՝ նաև Հայաստանից: Ներկայումս (2003) Բ-ում բնակվում է շուրջ 7 հզ. հայ (մոտ 2,5 հզ.՝ Հայաստանից, 2,5 հզ.՝ Միջին Արևելքի հայաշատ վայրերից), որոնք հաստատվել են հիմնականում Բրյուսելում և Անտվերպենում, սակավ թվով՝ Գենտում և Լիեժում: Հիմնականում զբաղվում են առևտրով, կան նաև իրավաբաններ, ճարտարապետներ, բժիշկներ ևն: 1922-ից համայնքը ղեկավարվում է Բ-ի կառավարության կողմից վավերացված