Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներքին կառավարման կանոնադրությամբ: Բելգիահայ համայնքի ներկայացուցչական մարմինը Բ-ի Հայ գաղութային վարչությունն է: Վարչության կենտրոնական գրասենյակը Բրյուսելի կենտրոնական մասում գտնվող մի շենքում է, որը գնվել է հիմնականում Մելանքթոն Արսլանյանի նվիրատվությամբ:

Համայնքում հայտնի անուններ են գրող ժան Բատիստ Պարոնյանը, անվանի եգիպտագետ, Բրյուսելի համալսարանի դասախոս Արբակ Մխիթարյանը, պետական պաշտոնյա Անտոն Ակայանը, փաստաբան Է. Ժախյանը, հասարակական գործիչներ Նուբար Դևլեթյանը, Միշել Մամուրյանը, Ժիժի Ստեփանյանը, Ժան Աբաջյանը, Արա Վրույրը, ադամանդավաճառներ Հայկ Արսլանյանը, Ջանիկ Օսկանյանը և ուրիշներ:

1998-ին Բ-ի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:

Բրյուսելում հայերը հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո: Ներկայումս (2003) այստեղ ապրում է մոտ 4 հզ. հայ: Բրյուսելում են գտնվում Բ-ի Հայ գաղութային վարչությունը, Հայ ուսանողների միությունը, ՀԲԸՄ Բ-ի մասնաճյուղը, Հայ տունը, Հայ տիկնանց միությունը, «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը: Գործել են Հայկական ակումբը, «Արմենիա» երգչախումբը, «Սևան» լարային քառյակը: 1927-ին աբբա Ժան Նալբանդյանը բացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» որբանոցը:

1931-ից Բրյուսելի համալսարանում գործել է հայագիտական ամբիոն՝ պատմաբան Նիկողայոս Ադոնցի ղեկավարությամբ: 1936-ին նույն համալսարանում իր ուսումնառությունն է անցել Մեծի Տանն Կիլի- կիո ապագա կաթողիկոս Զարեհ Ա Փայասրլյանը: Բրյուսելի պատմության թանգարանում 1980-ին կազմակերպվել է «Հայկական ճարտարապետությունը IV-XVIII դդ.» ցուցահանդեսը:

1997-ին Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

Անտվերպենում կա փոքրաթիվ հայ համայնք (շուրջ 1,5 հզ. հայ): Այստեղ, ինչպես Բրյուսելում, հայերի ձեռքին էր արևելյան գորգերի վաճառքը, այսօր էլ տեղի հայերի մի մասը զբաղվում է առևտրով:

1919-ին Անտվերպենում գործել է Հայաստանի Հանրապետության (1918-20) հյուպատոսությունը: Համայնքի ազգային կյանքը կազմակերպել են Հայ կանանց միությունը, Հայ երիտասարդաց միությունը, մշակութային կազմակերպությունները: Ներկայումս Անտվերպենի հայերի գլխավոր հավաքատեղին 1990-ին բացված Հայ տունն է (տնօրեն՝ Տարոն Կարապետյան): Այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրումներ, մշակութային և բարեգործական միջոցառումներ: Հայ տունն ունի բասկետբոլի խումբ: Ազգապահպան ծրագրերի իրականացմանը նպաստում են տեղի հայ մեծահարուստները: Աչքի է ընկնում հատկապես ազգային բարերար Հ. Արսլանյանը, որն ունի ադամանդի վաճառատուն Անտվերպենում և զանազան մասնաճյուղեր աֆրիկյան մի շարք երկրներում. 1994-ից Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Անտվերպենում:

ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բ-ի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1990-ին (ենթակա է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը): Կենտրոնը Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է (ճարտ.՝ Հ. Մարտիկյան): Կառուցվել է 1990-ին՝ ազգային բարերար Խաչիկ Խաչիկովի միջոցներով՝ ի հիշատակ իր կնոջ: Օծել են 1990-ի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն: Եկեղեցու հոգևոր հովիվն է Հարություն քհն. Թաշճյանը: 1985-ին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի Հայ եկեղեցու հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու գործու-