Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներին, կազմակերպել օգնություն գաղթականներին ու որբերին, օժանդակել 1946-47-ի հայրենադարձությանը, 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո զգալի օգնություն տրամադրել աղետի գոտուն:

Ռիո դե Ժանեյրոյում ներկայումս (2003) բնակվում է շուրջ 600 հայ: Ազգային կյանքը կազմակերպում է համայնքային խորհուրդը (նախագահ՝ Պաուլո Ներսեսյան), գործում են «Արարատ» մշակութային միությունը և Հայ տիկնանց հանձնախումբը: Լույս է տեսնում «Մասիս» պարբերաթերթը:

Սան Պաուլո քաղաքում հայերը սկսել են հաստատվել XIX դ. վերջին: Ներկայումս (2003) այստեղ բնակվում է շուրջ 15 հզ. հայ: Հիմնականում զբաղվում են առևտրով և արհեստներով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ, որոշակի թիվ են կազմում մտավորականները, արվեստի գործիչները: Գործում են Ս. Գևորգ (առաքելական), Ս. Գրիգոր Լուսավորիչ (կաթոլիկ) եկեղեցիները և ավետարանական եկեղեցիներ, Դուրյան ազգային, Փառեն և Ռեգինա Պազարյան վարժարանները, ՀԲԸՄ մասնաճյուղը, հայրենակցական, երիտասարդական միություններ: Հրատարակվում են «Սխիան» և «Իրիս» («Ծիածան») պարբերականները:

Սան Պաուլոյի հրապարակներից, կամուրջներից և մետրոյի կայարաններից մեկը կոչվում է Արմենիա (կայարանը վերանվանվել է Արմենիա՝ 1995-ին): Կայարանի երկու գլխավոր մուտքերում զետեղվել են երկու խաչքար-հուշարձաններ՝ հետևյալ արձանագրությամբ. «Այս կայարանը վերակոչվում է Արմենիա ի պատիվ այն ժողովրդի, որը եկավ այս երկիր՝ վերապրելով դարիս առաջին ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով ու ապրելու կամքով եղավ Բրազիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին ու բարօրությանը»:

Արմենիա հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:

ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բ-ի թեմը կազմավորվել է 1983-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցին է: Առաջին հայ հոգհորականը, որը 1923-ին Մերձավոր Արևելքից գաղթածների հետ հաստատվել է Բ-ում, Գաբրիել ավ. քհն. Սամուելյանն էր: Նոր վերաբնակեցվածները կազմել են հանձնաժողով՝ գաղութը կազմակերպելու և վարչություն ստեղծելու համար: Հանձնաժողովը դիմել է ամերիկահայոց թեմի առաջնորդին (Նյու Յորք)՝ իրենց վարչությունը վավերացնելու և Բ-ի հայ համայնքի եկեղեցական ու ազգային կյանքն իր հովանու տակ առնելու խնդրանքով: 1933-ին բրազիլահայ համայնքն ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես):

1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) բեմերի: Բ-ում առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Հովհաննես Մկրտիչը, կառուցվել է 1935-ին, Օզասկոյում (ներկայումս եկեղեցու սպասարկումը կատարում են Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցու քահանաները):

Բ-ի թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1938-ին, վերակառուցվել 1948-ին:

Բրազիլահայության ազգային ներկայացուցչական մարմինը՝ եկեղեցական խորհուրդը, բաղկացած է համայնքային միությունները ներկայացնող 40 անդամից, կենտրոնական վարչական խորհուրդը՝ 9-11 անդամից: Ժողովներին նախագահում է թեմակալ առաջնորդը: Այս կառույցների հովանավորությամբ են գործում եկեղեցիները, կրթական և ազգային մյուս հաստատությունները: 1928-ից Ս. Գևորգ եկե-