Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԴՐԲԵՋԱՆ

մշակութային կյանքը: Հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող բարեգործական, մշակութային, լուսավորական միություններ, բացվել դպրոցներ, գրադարաններ, հրատարակվել գրականություն ու մամուլ:

XIX դ. վերջին - XX դ. սկզբին Ա-ի հայության միջավայրում գործել են Ռուսական կայսրությունում գոյություն ունեցող բոլոր ազդեցիկ կուսակցությունների տեղական կազմակերպությունները: ՀՀԴ-ն և ՍԴՀԿ-ն նշանակալի դեր են խաղացել տեղի հայության կյանքում: Մասնավորապես՝ 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել և ղեկավարել է ՀՀԴ-ն: 1918-ի ամռանը, երբ թուրքերը ներխուժել են Անդրկովկաս և շարժվել դեպի Բաքու՝ հրի ու սրի մաանելով հայկական շեները, հանդիպել են Բաքվի կոմունայի զորքերի դիմադրությանը, որոնց առաջին շարքերում կռվում էին հայկական զորամասերը: 1918-1920-ին Ա-ում մուսավաթական իշխանության տիրապետության ժամանակ հայերը կրել են մարդկային և նյութական մեծ կորուստներ: 1920-ի ապրիլի 28-ին Ա-ում հաստատվել են խորհրդային կարգեր: 1991-ի օգոստոսի 28-ին Ա. հայտարարվել է անկախ հանրապետություն:

1979-ի մարդահամարով (1989-ի մարդահամարի տվյալները հավաստի չեն)՝ Ա-ում ապրում էր 475,5 հզ. հայ, որից գյուղական բնակչությունը՝ 116 հզ., քաղաքայինը՝ 359,5 հզ., ընդ որում՝ Բաքվում՝ 215,8 հզ., Կիրովաբադում (Գյանջա)՝ 40,7 հզ., Սումգայիրում՝ 17 հզ., Մինգեչաուրում՝ 5,1 հզ., Շաքիում՝ 1,5 հզ.: 1960-70-ական թթ. գրեթե հայաթափվել են Նախիջեանի Ինքնավար Հանրապետությունը, Ղազախի, Զաքաթալայի և այլ շրջանները: 1988-ի փետրվարին Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդի և հետագա ամիսներին ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառով Ա-ի ամբողջ տարածքում (Բաքու, Կիրովաբադ, Զաքաթալա ևն) տեղի է ունեցել հայ բնակչության տեղահանություն և բռնագաղթ: Փախստականների (շուրջ 350 հզ.) մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանում, մի մասն էլ Ռուսաստանում և այլ երկրներում:

Հայերն իրենց ստեղծագործ աշխատանքով մեծ ավանդ են ներդրել Ա-ի տնտեսության, գիտության, կրթության, արվեստի և սպորտի բնագավառներում: Բաքվի բուհերում դասավանդել են հայտնի գիտնականներ Բ. Դանիել-Բեկը (իրավագետ), Ա. Սարկիսովը, Ն. Մանասյանը, ակադեմիկոս Ա. Արզումանյանը (տնտեսագետ), Բաղդասարովը և Իոնեսյանը (նավթաքիմիկոսներ), հայր և որդի Ամիրջանովները (բժիշկներ) և գիտության տարբեր բնագավառների հարյուրավոր այլ մասնագետներ: Քրեագետ Միրիմանովը շատ կարևոր գյուտ է արել մատնադրոշմման գործում:

Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին:

1820-ին Բաքվում ապրել է 434 հայ: 1899-ի մարդահամարի տվյալներով՝ Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ՝ 22506: 1915-ի տվյալներով՝ Բաքուն ունեցել է 86,5 հզ. հայ բնակիչ: Հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում: XX դ. սկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը:

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում: Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին:

XIX դ. վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմավորվել են մի շարք հայկական ընկերություններ: Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն՝ կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում: «Միրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Արա-

Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը (ճարտ.՝ Գ. Տեր-Միքելյան), այժմ՝ «Մանկական աշխարհ» հանրախանութ

մազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալ-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ: Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կանոևները, Փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները՝ գինե-