Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Տարածքը՝ 357 հզ. կմ²: Բնակչությունը՝ 82,1 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Բեռլին (4 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 30 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Ժամանակակից Գ-ի տարածքում հայերը սկսել են բնակություն հաստատել XIV-XV դդ.: Սակայն գերմանական աղբյուրների վկայությամբ առաջին հայը Գ-ում հաստատվել է շատ ավելի վաղ՝ XI դ. վերջին: Խոսքը հայ արքեպիսկոպոս Գրիգորիսի մասին է, որը 1071-ին հաստատվել է Փասաու (Բավարիա) քաղաքի մոտ գտնվող Նիդեռնբուրգ վանքում, որտեղ և մահացել է 1093-ին: Ուշ միջնադարում մի շարք գերմանական իշխանություններում (Բավարիա, Սաքսոնիա, Պֆալց ևն) հայ վաճառականներն ունեցել են առևտրական տներ:

Հայ-գերմանական առնչությունները զարգացում են ապրել XII-XIII դդ.: Գ. եվրոպական առաջին պետություններից էր, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ: Երրորդ խաչակրաց արշավանքի (1189-92) ժամանակ Գ-ի կայսր Ֆրիդրիխ Ա Շիկամորուսը բանակցել է Կիլիկյան հայկական պետության ղեկավար Լևոն Բ իշխանի հետ, որը համաձայնել է օգնել խաչակիրներին: Գ-ի կայսրը խոստացել է ճանաչել Լևոնին Կիլիկիայի թագավոր և թագ շնորհել: Այդ խոստումը կատարել է հաջորդ արշավանքի ղեկավարներից մեկը՝ Գ-ի Հայնրիխ Զ կայսրը, իսկ Լևոնի թագադրման արարողությանը (1198), ի թիվս այլ հյուրերի, մասնակցել է Գ-ի պատվիրակությունը՝ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախի գլխավորությամբ:

Գ-ի հետ է կապված հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու գործունեությունը: 1695-ին հաստատվելով գերմանական իշխանություններից մեկում՝ Հռենոսյան Պֆալցում (կենտրոնը՝ Դյուսելդորֆ) Իսրայել Օրին մեծ ջանքեր է գործադրել՝ շահագրգռելու Պֆալցի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ու եվրոպական պետություններին՝ Հայաստանը մահմեդական լծից ազատագրելու խնդրով: Շոշափելի արդյունքի չհասնելով՝ Արևմուտքից հույսը կտրած Իսրայել Օրին 1701-ին լքել է Գ. և մեկնել Ռուսաստան:

1878-ին Բեռլինի վեհաժողովում (որին հայկական պատվիրակությունը