Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գերմանահայ համայնքում իրենց աշխույժ գործունեությամբ հայտնի են «Սիամանթո» և «Սևան» մշակութային ընկերությունները (Մյունխեն), «Սիլվա Կապուտիկյան» կանանց կազմակերպությունը (Քյոլն), «Ավարայր» (Իդշտայն), «Արարատ» (Մանհայմ), «Մարալ» (Ռոյթլինզեն), «Անի» (Զոլինգեն) միությունները, ինչպես նաև Բոննում, Բեռլինում, Համբուրգում, Մայնի Ֆրանկֆուրտում, Մայնցում և այլ վայրերում գործող հայկական մշակութային միությունները: Նրանց մի մասը կազմակերպում է նաև մարզական միջոցառումներ: Մշակութային ընկերությունները ձգտում են ընդլայնել իրենց կապերը Հայաստանի հետ, ներկայացնել հայկական մշակույթի նվաճումները երկրի հասարակայնությանը:

Գործում են նաև երգչախմբեր, նվագախմբեր, երկրում հայտնի են դարձել տաղանդավոր հայ կատարողներ: Համբավ են վայելում Քյոլնի «Էրեբունի» պարախումբը, նույն համայնքի երիտասարդական «Նոր ձայն» նվագախումբը, Բեռլինի հայկական երգչախումբը և հայ եկեղեցական նվագախումբը, Մայնի Ֆրանկֆուրտի հայ նվագախումբը՝ Ժան Հախնազարյանի գլխավորությամբ: Անհատ կատարողներից հայտնի են երգչուհի Լուիզ Պոզապալյանը, որը հանդես է եկել Մյունխենի, Համբուրգի օպերային թատրոններում, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Սերգեյ Հովհաննիսյանը, դաշնակահար Արետ Բեկճյանը և ուրիշներ:

Գ-ում բնակվող հայ գրողներից հայտնի է Րաֆֆի Քեբաբջյանը (Քանդյանը): 1950-ական թթ-ից մինչև իր կյանքի վերջը Գ-ում է ապրել և ստեղծագործել գեղանկարիչ Դարվիշը (Անդրե Սերուգյան, 1894-1996):

ՄԱՄՈՒԼ

XIX դ. ընթացքում Գ-ում հրատարակվել են շուրջ 15 անուն հայերեն թերթեր և հանդեսներ: Նրանց մեծ մասը լույս է տեսել անկանոն և կարճատև կյանք է ունեցել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ազգային խորհուրդը հրատարակելէ «Հայաստան» շաբաթաթերթը (Բեռլին, 1942-44, խմբագիր՝ Վիգեն Սեղբոսյան, ապա՝ Ս. Հովիվ) և «Ազատ Հայաստան» ամսաթերթը (Բեռլին, 1943, խմբագիր՝ Ավետիք Գյուլխանդանյան): Երկու պարբերականներն էլ տարածվում էին Հայկական լեգեոնի մարտիկների շրջանում, լուսաբանում Հայոց ազգային խորհրդի գործունեությունը, մղում հակախորհրդային քարոզչություն:

«Արմենիշ-Դոյչե Քորեսփոնդենց» (“Armenisch-Deutsche Korrespondenz”), «Հայ-գերմանական թղթակցություն», Գերմանա-հայկական ընկերության եռամսյա պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1973-ից, Քյոլնում, գերմաներեն: Խմբագիրն է Էլվիրա Քինդլը:

«Գարուն», եռալեզու (հայերեն, գերմաներեն, թուրքերեն) ամսագիր: Լույս է տեսնում 1995-ից, Քյոլնում: Հրատարակիչն է Հարություն Օրմանճյանը, խմբագիրը՝ Արթին Օրմանճյանը:

«Հայաստան», բանբեր Գերմանա-հայկական ընկերության, հայագիտական հանդես: Հրատարակվել է 1937-1944-ին (լույս է տեսել 18 պրակ), գերմաներեն: Խմբագիրներ՝ Պ. Ռորբախ և Ա. Աբեղյան: Աշխատակցել են գերմանացի գիտնականներ Կարլ Ռոթը, Կարլ Մլաքերը, հայագետներ Ն. Ադոնցը, Վ. Տոտոմյանցը և ուրիշներ:

«Հանդես հայագիտության», լույս է տեսել 1901-02-ին, Մարբուրգում: Գ-ում հրատարակված առաջին հայերեն պարբերականն է: Հրատարակվել է միայն երկու համար՝ հայերեն և գերմաներեն: Հրատարակիչներ՝ Ֆրանց Ն. Ֆինկ (պատասխանատու խմբագիր), Եզնիկ վրդ. Գյանջեցյան, Հակոբ Մանանդյան: Տպագրել է հոդվածներ՝ նվիրված հայոց պատմության, ազգագրության, գրականության, հայոց լեզվի խնդիրներին:

«Մեսրոպ», Գերմանա-հայկական ընկերության պաշտոնահանդես: Հրատարակվել է 1914-ին, Բեռլինում՝ հայերեն, գերմաներեն: Խմբագիրներ՝ Ջեյմս Գրինֆիլդ և Ավետիք Իսահակյան: Նպատակ է ունեցել լուսաբանել հայոց պատմության, կրոնի և մշակույթի հարցեր: Լույս է տեսել միայն մեկ գիրք, տպագրվել են Յո. Լեփսիուսի, Պ. Ռորբախի, Ջ. Գրինֆիլդի գիտական հոդվածները, Ռուբեն Զարդարյանի գեղարվեստական գործերից մեկը:

Գրկ. Պետրոսյան Հ., Հայերը Գերմանիոյ մէջ, «Նաւասարդ» ամսագիր, N 110: Աբեղյան Ա., Հայագիտութիւնը և հայ մշակոյթը Գերմանիայում վերջին երեսնամեակին, «Յուսաբեր»-ի թերթօն, 23 Մայիս - 3 Յունիս, 1950: Օրդուխանյան Ա., Գերմանիայի հայ ակադեմիականների միության տարեգիրք 2001-2002, Ե., 2002: Armenien: Volkermord, Vertreibung, Exil; 1979-1987: Neun Jahre Menschenrechtsarbeit fur die Armenier, neun Jahre Berichterstattung uber einen verleugneten Volkermord. (Hrsg. Tessa Hofmann und Gerayer Koutcharian) (Bd. 1), Gottingen - Wien, 1987; Armenier und Armenien: Heimat und Exil (Hrsg. Tessa Hofmann), Reinbek bei Hamburg, 1994; Froundjian B., Deutsch-armenische Kulturbeziehungen. Sonderdruck “Deutsche Kultur im Leben der Volker”, l.Heft, Miinchen, 1942; Hofmann T., Annaherung an Armenien: Geschichte und Gegenwart, Munchen, 1997; Նույնի, Die Armenier: Schicksal, Kultur, Geschichte, Numberg, 1993; Koutcharian G., Der Siedlungsraum der Armenier unter dent Einflu/3 der historisch-politischen Ereignisse seit dem Berliner Kongre/5 1878, Berlin, 1989; Me уe г E, В e rk ian A. J., Zwischen Rhein und Arax, Oldenburg,1988; Tauber A., Armenier in Hamburg: Ethnographie einer Gemeinde in der Diaspora, Hamburg, 1999.

Ժիրայր Քոչարյան (Գերմանիա)'

'

Կոստանդին Խուդավերդյան