Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտ 80 հայկական առևտրական տուն, 1886-ի տվյալներով՝ Կահիրեում դրանց թիվը հասել է 250-ի (հայտնի էին «Գևորգ Թոփալյան», «Կ. Քեչյան», «Պաքըճյան եղբայրք», «Ստեփան Իփլիկճյան», «Գևորգ Մուրատյան», «Սարգիս Մանուկյան և որդիք» առևտրական տները), որոնց հիմնադիրները մեծ մասամբ Կ. Պոլսից և Զմյուռնիայից եկած հայերն էին: Կային նաև մի քանի հայ-արաբական ընկերություններ: Հայ վաճառականները հիմնականում զբաղվել են ներմուծվող ապրանքների առետրով: 1913-ին հայկական առևտրական ընկերություններից 74-ը եվրոպացի արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներն էին: Ներմուծվող ապրանքների մեջ հատուկ տեղ է հատկացվել նավթին և ծխախոտին: Ե-ում Բաքվի նավթի վաճառքով զբաղվել է Ալեքսանդր Մանթաշյանի (Մանթաշևի) առևտրական ընկերության եգիպտական բաժանմունքը, որի կենտրոնը Ալեքսանդրիայում էր: Ամբողջ երկրում տարածված նրա մասնաճյուղերի աշխատակիցները հայեր էին: Ծխախոտի ներմուծման և տարածման մենաշնորհը պատկանել է հալեպցի հայ Խալիլ Հայյաթին: Որոշ հայ վաճառականներ զբաղվել են Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում արտադրվող արհեստագործական ապրանքների վաճառքով: Հայերը տիրել են մեծ թվով հողաբաժինների: Ամենախոշոր հողատերերն էին Նուբար փաշա Նուբարյանը, Կարապեա Գալուստը, Աբրահամ Բարտոխը և ուրիշներ: Խոշոր հողային տարածքներ է ունեցել Հայ եկեղեցին:

XIX դ. 90-ական թթ. համիդյան բռնությունների հետևանքով սկսվել է Արևմտյան Հայաստանից Ե. գաղթող հայ փախստականների նոր հոսք: Փախստականներն ապրել են եկեղեցիներում, դպրոցներում, վրաններում: Նրանց նկատմամբ խնամքն իրականացրել է առաջնորդարանը: Հայրենակիցներին օգնելու նպատակով 1906-ի ապրիլի 15-ին Կահիրեում եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ և ազգային բարերար Պողոս Նուբարի (Նուբար փաշա Նուբարյանի որդու) նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Ե. գաղթող հայերի ավելի հզոր ալիք է սկսվել 1909-ի Ադանայի կոտորածից հետո: Գաղթականներին օգնություն են ցույց տվել ՀԲԸՄ, 1915-ին Ալեքսանդրիայում ստեղծված Հայկական Կարմիր խաչը և այլ կազմակերպություններ: Նույն թվականին ստեղծված «Եգիպտահայ նպաստամատույց մարմին» հիմնադրամի (գործել է մինչև 1920-ը) օգնությամբ հավաքվել և բաշխվել է մոտ 5 մլն եգիպտական ղուրուշ:

1915-ի դեկտեմբերին ֆրանսիական ու անգլիական նավերով Պորտ Սաիդ է հասցվել 4058 մուսալեռցի հայ: Կահիրեից ոչ հեռու ստեղծվել է վրանային ավան, որտեղ գործել են եկեղեցի, ակումբ, դպրոց, գրադարան, հիվանդանոց, եղել են արհեստանոցներ, խանութներ ևն:

1882-1917-ի ընթացքում եգիպտահայ գաղութը զգալիորեն մեծացել է: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) նախօրեին երկրի պետական հիմնարկներում ծառայել են հայ ճարտարագետներ, բժիշկներ, իրավաբաններ, նրանցից ոմանք զբաղեցրել են բարձր պաշտոններ: Պատերազմից հետո Ե-ում սկսված ազգային-ազատագրական շարժման վերելքի ժամանակ (1922-ին Ե. հայտարարվել է անկախ) հայ բուրժուազիան հանդես է եկել անգլիացիների կողմում, իսկ հայ համայնքի հիմնական մասն աշխատել է չմիջամտել քաղաքական իրադարձություններին: Այդ ժամանակաշրջանում հայերն ապրել են մեկուսացած: Շարունակել են գործել հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ստեղծվել են մի շարք նոր ընկերություններ և ակումբներ: 1926-27-ին Ե-ում ապրել է 25-28 հզ. հայ, 1947-1950-ին՝ 40 հզ., մեծ մասը՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում, նաև՝ Զակազիկ, Ասյութ, Գիզա, Պորտ Սաիդ, Ասուան և այլ քաղաքներում:

Հայաստանում հաստատված խորհրդային իշխանության նկատմամբ հակասական վերաբերմունքի պատճառով եգիպտահայ համայնքը պառակտվել է: Դաշնակցականները կտրականապես մերժել են համագործակցությունը Խորհրդային Հայաստանի հետ, ռամկավարները գտել են, որ խորհրդային իշխանությունը տվյալ պատմական փուլում հայկական պետականությունը պահպանելու առավել ընդունելի ձևն է: Հնչակյանները, լինելով տարանջատված և թուլացած, գործնականում էական դեր չեն խաղացել գաղութի կյանքում: Եգիպտահայերը շոշափելի օգնություն են ցուցաբերել նորաստեղծ հանրապետությանը, մասնավորապես՝ Հայաստանի սովյալների ֆոնդին, Երևանի պետական համալսարանին, Լենինականի երկրաշարժից (1926) տուժածներին: Տարբեր ժամանակներում դրամական միջոցներ են տրամադրվել Հայաստանում Նոր Արաբկիր և Նոր Եվդոկիա ավանների կառուցման համար:

Ե-ի հայ համայնքը ներքին կյանքում երկար ժամանակ ղեկավարվել է արևմտահայերի 1860-ի Ազգային