որտեղ Թուրքիայից հրավիրված հայ վարպետներն արտադրել են այնպիսի մետաքս, որը որակով չի զիջել Կ. Պոլսում և Հնդկաստանում արտադրվածին: Հայկական կապիտալի հոսքը Ե. ավելի է ուժեղացել 1828—29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո: Ամրապնդվել են եգիպտահայ սառաֆների (առևտրա-վարկատուներ) դիրքերը: Հայերն են վարել Ե-ի առաջին՝ գլխավոր սառաֆի պաշտոնը: Մինչե 1827-ը Մուհամմեդ Ալիի գլխավոր սառաֆն էր Եղիազար Պետրոսյանը, 1828-47-ին՝ Ալեքսանդր Միսակյանը: 1837-ին հայ սառաֆները Կահիրեում հիմնել են երկրի առաջին բանկը (գործել է մինչե 1841-ը), հայերից ոմանք նշանակվել են նաև դրամահատարանի վերակացուի պաշտոնում: Հայ խոշոր վաճառականները (Ա. Մոգյան, Ս.Սեղբոսյան, Կ. Թեքիրզադե, Մ. Խաչատրյան, Գ. Ռաֆայելյան, Ապրոյանների ընտանիք) իրենց առևտրական տների մասնաճյուղերն են ունեցել Զմյուռնիայում, Կ. Պոլսում և այլ քաղաքներում: Զբաղվել են գորգերի, թանկագին քարերի, սաթե իրերի, ոսկու, գործվածքների, անտառանյութի և այլ ապրանքների առևտրով: Տարբեր ժամանակներում հայ սառաֆներին են պատկանել Մատարիայի աղահանքերի, Դամիետայի ձկան շուկայի, գետային տրանսպորտի, Կահիրեի բաղնիքների մենաշնորհը: XIX դ. 40-ական թթ. Ե-ում բնակվել է 10 հզ-ից ավելի հայ:
Ե-ի հզորացումը հակասում էր մեծ տերությունների շահերին ու ծրագրերին, և նրանց միջամտությամբ կասեցվել է Մուհամմեդ Ալիի ծավալապաշտական քաղաքականությունը: Այդ տարիներին Ե-ից սկսվել է արտագաղթ, արտաքսվել են պետական շատ գործիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի և առևտրի նախարար Արթին Չրաքյանը, արտաքին գործերի նախարար Ստեփան Դեմիրճյանը և ուրիշներ: Հայ գաղութն սկսել է անկում ապրել: 1854-ից հետո երկրում մնացել էր մոտ 3-4 հզ. հայ:
XIX դ. կեսին Ե. դարձել է Մեծ Բրիտանիայի գաղութային նկրտումների առարկա, սկսվել է երկիրը կիսագաղութի վերածելու գործընթաց: 1867-ին Ե-ի տիրակալ Իսմայիլ փաշան, երկրի արտաքին գործերի նախարար Նուբար փաշա Նուբարյանի ակտիվ աջակցությամբ, թուրքական սուլթանից ստացել է խտիվի (խեդիվ) (տիրակալ արքայազն) ժառանգական տիտղոս: Նուբար փաշայի անմիջական մասնակցությամբ 1876-ին ստեղծվել են Միջազգային (կամ խառը) դատարան և խորհրդարանի նմանակ՝ նոթաբլների պալատ: Ե. ստացել է օտարերկրյա տերությունների հետ ինքնուրույն ֆինանսական պայմանագրեր կնքելու իրավունք: 1878-ին Նուբար փաշան դարձել է Ե-ի վարչապետ, հետագայում վարել է նաև երկրի արդարադատության նախարարի պաշտոնը: Իր վարչապետության տարիներին (1878-79, 1884-89, 1894-95) արտահայտել է ազգային բուրժուազիայի շահերը, վարել եվրոպացիների հետ համագործակցելու քաղաքականություն: Հայազգի վարչապետը Ե-ին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ տիտղոսների և պարգևների: 1904-ին Ալեքսանդրիայում կանգնեցվել Նուբար փաշայի կիսանդրին: Նրա անունով փողոցներ են կոչվել Կահիրեում և Ալեքսանդրիայում:
1869-ին, Սուեզի ջրանցքի կառուցումով, մեծացել է Ե-ի տեսակարար կշիռը համաշխարհային առևտրի մեջ, բարձրացել նրա միջազգային հեղինակությունը: Հայերն սկսել են այստեղ գալ Արևմտյան Հայաստանից (Բաղեշից, Մուշից, Սասունից): 1879-ին Ե-ում արդեն բնակվում էր 8 հզ. հայ:
1882-ին անգլիական զորքերը գրավել են Ե.: Երկրի տնտեսությանն ընկել է անգլիական կապիտալի լիակատար վերահսկողության տակ: Ե-ի քաղաքական կյանքում կարևոր դեր է կատարել հայազգի պետական գործիչ Տիգրան S’ Ապրոն: 1891-ին նշանակվելով Ե-ի արտաքին գործերի նախարար՝ նա իրականացրել է երկրի ֆեոդալական հետամնացության հաղթահարման, եգիպտական բանակի ամրապնդման քաղաքականություն: Մեծ թվով հայեր աշխատել են ծխախոտի արդյունաբերության մեջ: Նրանց է պատկանել ծխախոտի արտադրության 90 տոկոսը: Հայերը զբաղվել են նաև ոսկերչությամբ (Վ. Մոմջյան, Գ. Երկանյան, Կ. Արիֆյան, Մ. Փենթերջյան), մետաղամշակությամբ, կենցաղային առարկաների արտադրությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ: Քաղաքներում աշխատել են հայազգի բազմաթիվ դերձակներ, կոշկակարներ: Հայտնի էին հայ լուսանկարիչները: 1882-ին Ալեքսանդրիայում եղել է