Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիպտահայ մի շարք գործարարներ նպաստում են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության զարգացմանը: 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին իրենց հնարավոր օգնությունն են ցուցաբերել Ե-ի հայերը, հայկական կազմակերպությունները: Բացի նյութական աջակցությունից, կազմակերպել են աղետի ենթարկված երեխաների հանգիստը Ե-ում:

Կահիրեում հայերն սկսել են հաստատվել քաղաքի հիմնադրման ժամանակներից: Եգիպտական արքունիքում ծառայող հայ վեզիրները խրախուսել են հայերի մուտքը Կահիրե, օժանդակել նրանց առետրական գործունեությանը, հովանավորել արհեստավորներին ու վարպետներին: Քաղաքի հյուսիսային դարպասի շինարարության ժամանակ (1074-94), ծագումով հայ վեզիր Բադր ալ Ջամալիի նախաձեռնությամբ, Եդեսիայից հրավիրվել են հայ ճարտարապետ եղբայրներ: XIII դ. Կահիրեում հայտնի է եղել շինարար, ճարտարապետ Բահա ադ Դին Գարագուշը, որը կառուցել է Գիզայի նշանավոր կամուրջը, քաղաքի միջին պարիսպը և այլ շինություններ: Քաղաքում նրա անունով հրապարակ է կոչվել:

XIV դ. Կահիրեում եղել է հայկական երեք թաղամաս: Կահիրեի ամենահայտնի Խան ալ Խալիլի շուկայում ցայսօր պահպանվել են հայ ոսկերիչների արհեստանոցները: Հայ գաղութը բուռն ծաղկում է ապրել Ե-ի փաշա Մուհամմեդ Ալիի կառավարման տարիներին: Կառուցվել են Ս. Աստվածածին (1839), Ս. Մինաս (1843) եկեղեցիները, կույս Մարիամի մատուռը: Բացվել է առաջին՝ Գալուստյան (Եղիազարյան) ազգային վարժարանը, ինչպես նաև՝ հիվանդանոց և հյուրանոց: 1865-ից Կահիրեում սկսել է հրատարակվել եգիպտահայ առաջին՝ «Արմավենի» պարբերականը: 1880-84-ին գործել է Ուսումնասիրաց ընկերությունը: XX դ. սկզբին Կահիրեում ապրել է 5607 հայ, եղել է երեք դպրոց, գործել են տարբեր բնույթի ազգային ընկերություններ և միություններ: 1954-ին հայերի թիվը կազմել է արդեն 22-23 հզ., գործել է 6 դպրոց:

Ներկայումս (2003) Կահիրեում բնակվում է մոտ 5 հզ. հայ: Համայնքի կյանքը ղեկավարում են Կահիրեի հայոց թեմական ժողովը և ազգային իշխանությունը: Շարունակում են գործել հայկական եկեղեցիներն ու ազգային վարժարանները: Հայապահպան գործունեություն են իրականացնում ՀՀԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը, Հայ գեղարվեստասիրաց միությունը, Հայկական ընթերցասրահը, Կոկանյան ակումբը, Համազգային մշակութային միությունը, Նոր սերունդ երիտասարդական մշակութային միությունը, Հուսաբեր մշակութային ընկերակցությունը և ակումբը, Հայ Կարմիր խաչը, Հայ մշակույթի բարեկամների միությունը, Հայ ազգային հիմնադրամը, ՀՄԸՄ «Արարատ», «Նուբար» մարզական ակումբները: 1994-ի հունվարին բացվել է Հայկական մատենադարան (կրում է հայ երգարվեստի երախտավոր Մարգարիտ-Պայ ծառ Հակոբյանի անունը): Լույս են տեսնում «Արև», «Հուսաբեր», «Ջահակիր» պարբերականները: 1954-ից Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ գործում է ամենօրյա մեկժամանոց հայկական ռադիոժամ: Կահիրեն հայ մշակույթի կենտրոններից էր: Այստեղ են ստեղծագործել անվանի գրողներ, դերասաններ, նկարիչներ, ճարտարապետներ:

Ալեքսանդրիայում հայերն սկսել են հաստատվել քաղաքի հիմնադրման ժամանակից: V-VI դդ. Հայաստանից Ալեքսանդրիա (որը քրիստոնեական արևելքի կարևոր կենտրոններից էր) ուսանելու են եկել հայ երիտասարդներ (Մովսես Խորենացի, Եղիշե): Հայերի հոսքն ավելի է ուժեղացել XVIII դ. կեսից: 1792-ին քաղաքում եղել է հայկական եկեղեցի: Մուհամմեդ Ալիի կառավարման տարիներին Ալեքսանդրիայում աշխատել են արաբական անուններով բազմաթիվ հայ վաճառականներ, մեծ համբավ են վայելել հայ արհեստավորները: Համայնքի բարգավաճմանը մեծապես նպաստել է մեծահարուստ Պողոս բեյ Յուսուֆյանը, որը 1810-ից կապալով վերցրել էր Ալեքսանդրիայի նավահանգստի մաքսատունը: Նրա նվիրատվությամբ քաղաքում կառուցվել են հայկական եկեղեցի (1830) և դպրոց: 1884-ին բացվել է ներկայումս գործող Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին: 1927-ին կառուցվել է Ս. Գևորգ մատառը: Գործում է հայ ա-