րանի և բարձրագույն նախակրթարանի բաժիններ: Նպատակն է սաների նախապատրաստումը բարձրագույն դպրոց ընդունվելու համար: Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, մատենագիտություն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, կրոնի պատմություն, բնական գիտություններ, արվեստի առարկաներ: Վարժարանը 1926-ին ունեցել է 138, 1937-ին՝ 247, 1949-ին՝ 313, 1996-ին՝ 110 աշակերտ, 23 ուսուցիչ: Կան գրադարան, մատենադարան: Հրատարակել է «Արեգ» պարբերաթերթը: Հովանավորներն են թեմի առաջնորդարանը, Կահիրեի ազգային իշխանությունը:
Պերպերյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1924-ին, Կահիրեում՝ Օննիկ և Շահան Պերպերյանների ջանքերով: Կ. Պոլսի նույնանուն միջնակարգ վարժարանի շարունակությունն էր: Ունեցել է 9-ամյա գիշերօթիկ և ցերեկային բաժիններ: Ընդունվել են 8-20 տարեկան պատանիներ (ընդհանուր թիվը՝ մինչև 120): Շրջանավարտներին իրավունք էր տրվում առանց քննության ընդունվել եվրոպական համալսարաններ: 1933-ին նյութական դժվարությունների հետևանքով փակվել է:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Եգիպտահայ համայնքն ունի ինքնակառավարման հատուկ մեխանիզմ: Ըստ գաղութի վավերացված կանոնադրության՝ եգիպտահայերն 8 տարին մեկ ընտրում են 24 հոգուց բաղկացած թեմական ժողով, որը գաղութի բարձրագույն օրենսդիր մարմինն է: Թեմական ժողովի անդամներից (երեսփոխաններ) ընտրվում է 7 հոգուց կազմված գործադիր ժողով (2 տարով), որն ի կատար է ածում թեմական ժողովի որոշումները և հաշվետու է նրան: Ժողովը նախագահում է թեմի առաջնորդը: Վերջինս երկու հոգևորական է նշանակում թեմական ժողովի կազմում: Եգիպտահայությունը կազմակերպված և եկեղեցու շուրջ համախմբված գաղութ է, որին հատուկ չեն կուսակցական և գաղափարական տարաձայնությունները:
Ընթերցասիրաց ընկերություն, հիմնվել է 1896-ին, Կահիրեում՝ հայ
պանդուխտ երիտասարդների նախաձեռնությամբ: 1896-ին բացել է
ընթերցատուն, 1906-ին՝ սեփական ակումբ: Նպատակն էր Կահիրեի
հայության շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել դեպի հայ մշակույթը: Անցկացրել է գրական և թատերական երեկոներ, քննարկել հայոց պատմության, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական կյանքի հրատապ հարցեր: Հրատարակել է «Նոր օր» լրագիրը (1899-1901): Գոյատևել է մինչև 1906-ը:
«Տիգրան Երկաթ» մշակութային միություն, հիմնվել է 1902-ին, Ալեքսանդրիայում՝ մի խումբ եգիպտահայ երիտասարդ մտավորականների և արվեստագետների նախաձեռնությամբ: Գործում է ցայսօր: Կոչվում է անվանի հասարակական գործիչ և գրող Տիգրան Երկաթի անունով: Ծավալում է արդյունավետ գործունեություն մշակույթի տարբեր բնագավառներում, կազմակերպում է գրական երեկոներ, դասախոսությաններ, թատերական ներկայացումներ, համերգներ, զբաղվում հրատարակչական գործունեությամբ: Աջակցում է Պողոսյան ազգային վարժարանին, օգնում Եվրոպայում սովորող հայ ուսանողներին:
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), հիմնադրվել է 1906-ի ապրիլի 15-ին, Կահիրեում՝ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, որը և դարձել է նրա առաջին նախագահը: 1922-ին Միության վարչական կենտրոնը Կահիրեից փոխադրվել է Փարիզ, իսկ 1942-ից՝ հաստատվել Նյու Յորքում: Ներկայումս եգիպտահայ համայնքում մշակութային և բարեսիրական գործունեություն է իրականացնում ՀԲԸՄ տեղական շրջանային կազմակերպությունը, որը երկրում ունի երկու մասնաճյուղ՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Միաժամանակ գործում են նաև երկու մարզական ակումբներ ՀԲԸՄ «Նուբար» անվանումով՝ Հելիոպոլսում և Ալեքսանդրիայում: ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը մեծ տեղ է հատկացնում հրատարակչական գործունեությանը:
Հրատարակչական ընկերության Եգիպտոսի հայոց, եգիպտահայ առաջին հրատարակչական ընկերությունը: Կազմակերպվել է 1908-ին, Ալեքսանդրիայում՝ Երվանդ Օտյանի ջանքերով: Նպատակն էր հրատարակել օրաթերթ («Արև»), գրքեր և գրքույկներ, նաև գրական թարգմանություններ: Գործունեությունը երկար չի տևել:
«Կամք» մարմնամարզական միություն, հիմնադրվել է 1912-ին, Ալեքսանդրիայում, գործում է ցայսօր: Նպատակն է նպաստել հայ երիտասարդության ֆիզիկական դաստիարակությանը: Ունի բասկետբոլի և սեղանի թենիսի խմբեր: 1974-ից ՀՄԸՄ մասնաճյուղն է:
«Արարատ» մարմնամարզական միություն, հիմնադրվել է 1914-ին, Կահիրեում, գործում է ցայսօր: Նպատակն է դաստիարակել ֆիզիկապես զարգացած և առողջ սերունդ: Ունի բասկետբոլի երկու խումբ (մեծերի և փոքրերի): 1954-ից ՀՄԸՄ մասնաճյուղն է:
Հայ գեղարվեստասիրաց միություն, հիմնադրվել է 1920-ին, Կա-