հիրեում, գործում է ցայսօր: Նպատակն է «համախմբել կազմակերպված ուժի մը շուրջ գաղութի երկսեռ երիտասարդությանը, վառ պահելու բարձրացնել անոր մեջ գեղարվեստի ճաշակը»: Միությունն ունի Երիտասարդաց հանձնախումբ, որը կազմակերպում է համերգներ, գեղանկարչական ցուցահանդեսներ: Միության աշխատանքներին մասնակցել են բանաստեղծ Վահան Թեքեյանը, նկարիչ Օ. Ավետիսյանը, ծաղրանկարիչ Ա. Սարուխանը, խմբավար Է. Հակոբյանը, երաժիշտներ Գ. Ալեմշահը, Ա. Պատմագրյանը և ուրիշներ: Աշխույժ են միության կապերը Հայաստանի հետ: 1947-ից, պահպանելով իր անունը, գործում է որպես Թեքեյան մշակութային միության տեղական կազմակերպություն:
Համազգային հայ կրթական և մշակութային միություն, հիմնվել է 1928-ի մայիսի 28-ին, Կահիրեում՝ Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերություն անունով: Հիմնադիր անդամներն էին Հ. Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Ստեփան Եսայանը և ուրիշներ: Ձգտելով սփյուռքահայության մշակութային կյանքի աշխուժացմանը՝ ընկերությունը տարբեր գաղթավայրերում հիմնել է հայ մշակույթի և կրթության բազմաթիվ կենտրոններ: Մինչև 1947-ը միության կենտրոնական վարչությունը գտնվել է Կահիրեում: Ներկայումս եգիպտահայ համայնքում հայապահպան գործունեություն է իրականացնում Համազգայինի Կահիրեի մասնաճյուղը:
Հայ մշակույթի բարեկամների ընկերություն, հիմնադրվել է 1941-ին, Կահիրեում: Աշխատել է ցուցահանդեսների և հրատարակությունների միջոցով օտարներին ներկայացնել «հայ ժողովրդի մշակութային նվաճումները»: 1943-ին Կահիրեում կազմակերպել է հայ արվեստի, ճարտարապետության, նկարչության և մանրանկարչության, 1945-ին՝ եգիպտահայ նկարիչների, 1951-ին՝ միջնադարյան հայ ճարտարապետության ցուցահանդեսներ, 1954-ին՝ հայ երաժշտության փառատոն են: Ընկերության միջոցներով լույս են տեսել մի շարք հրատարակություններ:
Հայ ազգային հիմնադրամ, հիմնվել է 1942-ին, Կահիրեում՝ ՌԱԿ մի խումբ անդամների և համակիրների (Վ. Թեքեյան, Է. Փափազյան, Լ.Կոկանյան և այլոց) նախաձեռնությամբ: Կոչված էր օժանդակելու հայ մշակութային կենտրոնների ստեղծմանը, նպաստելու հայ մամուլի զարգացմանը, հայ երիտասարդների պատրաստմանը ուսուցչական, հրապարակախոսական և եկեղեցական գործունեության համար: Հաստատության միջոցներով հրատարակվում է հայագիտական գրականություն, լույս է ընծայվում «Արեւ» օրաթերթը:
«Սևան» մշակութային-հասարակական միություն, հիմնադրվել է 1943-ին, Ալեքսանդրիայում՝ գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ջանքերով: Նպատակն Էր՝ ասմունքի, թատերական, գեղանկարչական, երգ-երաժշտության խմբակներում զարգացնել շնորհալի երիտասարդների ընդունակությունները, ինչպես նաև համայնքին ծանոթացնել հայրենիքի առաջընթացին, նյութապես և բարոյապես աջակցել հայրենադարձությանը: Փակվել է Գ. Սվազլյանի և միության անդամների հայրենադարձությամբ՝ 1947-ին:
«Հուսաբեր» մշակութային ընկերակցություն, հիմնվել է 1945-ին, Կահիրեում՝ ՀՀԴ գործիչների և համակիր մի շարք ազգային բարերարների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նպաստել հայապահպանության խնդիրների լուծմանը, ապահովել «Հուսաբեր» օրաթերթի հրատարակությունը, ապա Կահիրեում կառուցել Հայ մշակույթի տուն: 1952-ին ընկերության դրամական միջոցներով Կահիրեում կառուցվել է «Հուսաբերի» բազմահարկ շենքը, և ձեռք բերվել տպարան: Այս շենքում են գտնվում, բացի «Հուսաբերից», համանուն հրատարակչությունը, թերթի խմբագրությունը, տպարանը, ՀՀԴ Կահիրեի կոմիտեն և նրա հովանու տակ գործող մշակութային, բարեգործական, մարզական կազմակերպությունները: Շենքն ունի 800 տեղանոց թատերասրահ, Փալանճյան մատենադարանը: Հելիոպոլսում ընկերությունն ունի արդիական ոճով կառուցված (1962-ին) մշակութային կենտրոն-ակումբ, կից՝ ՀՄԸՄ «Արարատ» կենտրոնն ու մարզադաշտը:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ե-ի գիտական և մշակութային կյանքում աչքի ընկնող դեր է կատարել Հակոբ Չրաքյանը: 1881-ին ընտրվել է Ե-ի գիտությանների ակադեմիայի անդամ, հետագայում մի քանի անգամ եղել նրա նախագահը: Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների («Հողային սեփականությունը Եգիպտոսում», «Հանրային կրթությունը Եգիպտոսում», «Եգիպտական բանահյուսությունը»: Բարձր գնահատելով նրա ծառայությունները՝ Ե-ի կառավարությունը 1926-ին Արվեստի պետական թանգարանում բացել է Չրաքյանի անվան ցուցասրահ:
Պատմագրության ասպարեզում աչքի են ընկել պատմաբան Արշակ Ալպոյաճյանը, արաբագետներ Գ. Մսրլյանը, Հ. Նալբանդյանը: 1998-ին Կահիրեում լույս է ընծայվել դոկտոր Վարուժան Գազանճյանի «Հայ բանաստեղծության ծաղկաքաղ դարերու ընթացքին» հատորը՝ արաբերեն: