Երաժշտություն: Եգիպտահայ երաժիշտները նշանակալի ներդրում ունեն ինչպես ազգային, այնպես էլ արաբական երաժշտական արվեստի զարգացման գործում: 1862-ին Մ. Մերկերյանը՝ Կահիրեում, ապա Ս. Խաչատրյանը Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնել են երաժշտանոցներ: Տարբեր վարժարաններում դասավանդել են Վ. Բարսեղյանը, Ղ. Ղազարոսյանը, Ե. Օգոստինոսյանը, Զ. Քլջյանը, Հ. և Բ. Մամուրյանները, Ն. Տերվիշյանը: Մեծ ներդրում ունեն նաև դաշնակահարուհիներ Շ. Իփեկյանը, Ն. Տամադյանը, Ա. Մսրլյանը, երգչուհի Հ. Կարապետյանը, ջութակահար Ժ. Քանթարճյանը: 1924-ին կազմակերպվել են առաջին նվագախումբը (ղեկ.՝ Տ. Հաբեշյան), քառաձայն երգչախումբը (ղեկ.՝ Ե. Օգոստինոսյան), ապա՝ «Ալեքսանյան» (ղեկ.՝ Ե. Ալեքսանյան) երգչախմբերը: «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարել է Շ. Պերպերյանը: Նշանակալի է «Շնորհալի», «Թաթուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերի գործունեությունը (ղեկ.՝ Է.Հակոբյան):
Եգիպտահայ երաժշտական միջավայրում են սկսել իրենց գործունեությունը օպերային երգիչներ Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Արմինե Թութունջյանը, Աննա Նշանյանը: Ներկայումս Ե-ում մեծ ժողովրդականություն է վայելում հայազգի երգչուհի Անուշքան, որին տրված էր Ե-ի երգի 3-րդ միջազգային փառատոնի բացումը (1997-ի հուլիս) կատարելու պատիվը:
Ճարտարապետություն: Ե-ում հայ ճարտարապետների մասին հիշատակություններ կան դեռևս միջնադարից: Կահիրեի պարսպի հյուսիսային երեք դարպասների (Բաբ ալ Ֆըթուհ, Բաբ ալ Նասըր և Բաբ ալ Զույելա) կառուցումը (XI դ. վերջ) վերագրվում է Եդեսիայից եկած հայազգի երեք ճարտարապետ եղբայրների: Հայկական ճարտարապետության ազդեցությունը զգացվում է 1125-ին Կահիրեում կառուցված Ալ Աքմար մզկիթի քարե ճակատի վրա: XIX դ. վերջին Կահիրեում և Ալեքսանդրիայում ծավալվել է հայերի շինարարական գործունեությունը, կառուցվել են եկեղեցիներ, մատառներ, ապարանքներ, բնակարաններ ևն: Հիմնադրվել և կառուցապատվել է Կահիրեի հայկական թաղամասը: XIX-XX դդ. գործել են հայ ճարտարապետներ Գ. բեյ Ռաֆայելյանը, պալատական ճարտարապետ Զ. բեյ Մերամեթճյանը և նրա որդին՝ Գ. բեյ Մերամեթճյանը, Մ. բեյ Մարկոսովը, Ա. Ազարյանը, Հ. Ազնավուրյանը, Լ. Նաֆիլյանը, Հ. և Ա. Կարինյանները, Ա. Անդրանիկյանը, Հ. Շիրինյանը, հայր ու որդի Կ. և Հ. Պալյանները, Ա. Օրագյանը: Հայկական ճարտարապետության ավանդույթներով են կառուցվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1924-28, ճարտ.՝ Լ. Նաֆիլյան), ինչպես նաև բակի առաջնորդարանի շենքը (1928-30, ճարտ.՝ Ա. Անդրանիկյան), Ալեքսանդրիայի Ս. Պողոս- Պետրոս եկեղեցին (1881-89, ճարտ.՝ Զ. բեյ Մերամեթճյան), Զակազիկի ավետարանական Ս. Խաչ եկեղեցին (1928-29, ճարտ.՝ Կ. Պալյան), Կահիրեի Ավետումն Ս. Աստվածածնի հայ կաթողիկե եկեղեցին և առաջնորդարանը (1925, ճարտ. Կ. Պալյան), ինչպես և մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքեր՝ «Տիգրան Երկաթ» մշակութային միության նոր շենքը (1972, ճարտ.՝ Ս. Չայիրճյան), Ազգային ծերանոցը (ճարտ.՝ Կ.Պալյան), Գալուստյան ազգային վարժարանի և Հայ տան շենքերը (1951-1959, ճարտ.՝ Հ.Պալյան) ևն:
ՄԱՄՈՒԼ
Եգիպտահայ առաջին պարբերականի՝ «Արմավենիի» հրատարակումից ի վեր (1865) Ե-ում լույս են տեսել շուրջ 160 անուն հայերեն պարբերականներ: Հայերը հիմնել են տպարաններ (20-ից ավելի), հրատարակչություններ: Տպագրվել են թերթեր, ամսագրեր, հայ, եվրոպացի, արաբ հեղինակների գործեր: Ներկայումս (2003) Կահիրեում հրատարակվում է հայերեն երեք պարբերական՝ «Արև», «Հուսաբեր», «Ջահակիր»:
«Ազատ բեմ», գրական, ազգային և քաղաքական շաբաթաթերթ, ապա՝ եռօրյա: Լույս է տեսել 1903-05-ին՝ Ալեքսանդրիայում, 1906-07-ին՝ Կահիրեում: Խմբագիր-տնօրեն՝ Երվանդ Օտյան: Աշխատակցել են Վահան Թեքեյանը, Միքայել Կյուրճյանը: 1906-07-ին թերթը հրատարակել են վերակազմյալ հնչակյանները, այն տեղավախել Կահիրե և վերածել եռօրյա լրագրի:
«Ազատ խոսք», պարբերաթերթ, հիմնադրվել է 1901-ին, Փարիզում (որտեղ լույս են տեսել նրա առաջին 3 «տետրերը»): 1902-ի սեպտեմբերից հրատարակվել է Ալեքսանդրիայում: Խմբագիրներ՝ Երկանդ Օտյան, Միքայել Կյուրճյան: 1902-ին լույս են տեսել 5-9 տետրերը, 1903-ին՝ 10-րդը, 1906-ին՝ 13-րդը, որով և ավարտվել է թերթի հին շրջանը: 1906-ից վերածվել է երգիծական շաբաթաթերթի՝ նախկին ծավալով: 1908-ին հրատարակվել են վերջին 3 տետրերը: Թերթի էջերում Ե. Օտյանը խարազանել է եգիպտահայ ջոջերի քաղաքական դիմազրկությունը, դատապարտել այն ամենը, ինչը հակասել է հայ ժողովրդի և ժողովրդավարության շահերին:
«Ավել», կիսամյա երգիծաթերթ: Լույս է տեսել 1908-10-ին՝ Կահիրեում, 1914-18-ին Կ. Պոլսում: 2-րդ