ՄՇԱԿՈՒՅԹ
Եգիպտահայերն ստեղծել են մշակութային և գրական արժեքներ, որոնք հարստացրել են ոչ միայն հայ, այլև արաբական մշակույթը:
Գրականություն: Դեռես XII դ. հայազգի առաջին արաբագիր հեղի¬ նակ Աբուլ Ղարաթ Թալայի իբն Ռուզզիք ալ Արմանին (Մելիք ալ Սալիհ), որը նաև Ե-ի մեծ վեզիրն էր, գրել է բանաստեղծություններ, որոնց առանձին հատվածներ հասել են մեզ: Հայտնի է և նրա հավաքած «Իմամ Ալիի զրույցները»: XII-XIII դդ. է գործել Աբուսահլ Հայը (Աբու Սալիհ ալ Արմանի), որը գրել է Ե-ի եկեղեցիների և վանքերի պատմությունը՝ արժեքավոր տվյալներ հաղորդելով եգիպտահայության մասին: XIII դարից հայտնի է նաև մատենագիր Բութրոս ալ Սաղամանդի ալ Արմանին, որը գրել է մեկնողական և դավանաբանական բնույթի երկեր՝ դառնալով արաբական քրիստոնյա գրականության ականավոր դեմքերից մեկը:
Ե-ում են հիմնականում ապրել և ստեղծագործել բանաստեղծ Վահան Թեքեյանը, գրող Տիգրան Կամսարականը, գրող, հրապարակախոս Միքայել Կյուրճյանը:
Եգիպտահայ գրական կյանքի զարգացմանը նպաստել են նաև գրողներ Գաբրիել Թագվորյանը, Ստեփան Շահպազը, Արշամ Տատրյանը, Արմեն Տատուրյանը, Վահան Նավասարդյանը, Գաբրիել Լազյանը, Բենիամին Թաշյանը, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալեքսանդր Սարուխանը:
Թատրոն: Հայ թատերական կյանքը Ե-ում սկզբնավորվել է XIX դ. 30-ական թթ.: Առաջին ներկայացումները խաղացել է Մ. Պենկլյանի «Օսմանյան» օպերետային խումբը (Մ. Մնակյան, Սիրանույշ, Վ. Գարագաշյան և ուրիշներ): 1896-ին կազմակերպվել է «Հայ դերասանական ընկերությունը» (Մ. Պենկլյան, Ե. Գարագաշյան, Դ. Թրյանց և ուրիշներ), որը ներկայացրել է հայերեն և թուրքերեն պիեսներ: 1900-ական թթ-ից ի վեր Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միությանը, Կահիրեի հայկական ակումբներին կից ստեղծվել են թատերախմբեր, երևան են եկել տեղի դրամատուրգներ և դերասաններ: Խաղացել են Տ. Կամսարականի և Մ. Կյուրճյանի «Փրկանքը», Ե.Օտյանի և Մ. Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղան», Ս. Բյուրատի «Վարդանանքը», Գ. Սվազլյանի «Ներգաղթը», Խ. Սանտալճյանի, Ա. Սարուխանի, Պ.Մասիկյանի և այլոց, դասականների, ինչպես և հայաստանցի դրամատուրգների (Ա. Պապայան, Գ. Տեր-Գրիգորյան, Մ. Քոչարյան) ժամանակակից պիեսներ: Եգիպտահայ թատրոնի զարգացմանը նպաստել են Կ. Գալֆայանը, Լ. Շիշմանյանը, Վ. Երամյանը, Խ. Նորիկյանը, Գ. Բագրատունին, Ս. Եկենյանը, Խ. Սանտալճյանը, Ղ. Սարգիսյանը, Խ. Տետեյանը, Օ. և Պ. Վոլտերները, Ա. Վարդյանը, Ս. Գոչունյանը, Հ. Գալուստյանը և ուրիշներ: 1950-70-ական թթ. արևելյան պարերի նշանավոր կատարողներից են Հերմինը (Սանոսյան), Հուդա Շեմսեդդինը (Ալիս Միսաքյան), որոնք նկարահանվել են նաև կինոյում: Դասական բալետի առաջատար պարուհիներից էր Սոնյա Սարգիսը (Չամքերթենյան), որն աշակերտել է բալետմայստեր L. Գրիկուրովային:
Կինոարվեստ: Առաջին եգիպտական ֆիլմերից մեկում (1930-ական թթ.) նկարահանվել է հայ թատրոնի դերասանուհի Ա. Օհանյանը: 1937- ին Հ. Նասիբյանը հիմնել է Ե-ում գործող չորս կինոստուդիաներից մեկը՝ «Նասիբ ֆիլմը»: Հայ կինոդերասանուհիներից են Ֆեյրուզ և Նելլի Գալֆայան քույրերը, Ն. Քյուբելյանը (Լեպլեպա), Լ. Սարգսյանը և Միմի Ժամալը: Կինոյում նկարահանվել են նաև թատրոնի դերասան Ա. Վարդյանը, պարուհիներ Հերմինը, Հ.Շեմսեդդինը, Ս. Սարգիսը, Ս.Գոչունյանը և այլք: Կինոյի բնագավառում են աշխատել ձևավորող Հ. Ասլանյանը, հնչյունային ռեժիսոր Գ. Չաքմաքջյանը, Հ. Հալեպլյանը, դիմահարդար Մ. Միքայելյանը, կինոքննադատ Ու. Դանիելը և այլք:
Կերպարվեստ: Ե-ում կերպարվեստի զարգացման գործում որոշակի դեր ունեն հայ արվեստագետները: Կահիրեի ղպտի եկեղեցիներում և արվեստի թանգարանում պահպանվում են Հովհաննեսի (Հաննա Երուսաղեմցի) և նրա որդի Հովսեփի գեղանկարները (XVIII դ.): Կահիրեում և Ալեքսանդրիայում հայ նկարիչներ ու կիրառական արվեստի վարպետներ երևան են եկել հատկապես XIX դ. վերջին և XX դ. սկզբին: Կահիրեում բացվել են Ա. Սարուխանի (1927), Օ. Ավետիսյանի (1932), Ե. Դեմիրճյանի (1934) և այլոց անհատական ցուցահանդեսները: 1925-ին Սարուխանը հրատարակել է «Հայկական սինեմա», 1939-42-ին՝ «Կարավան» պատկերազարդ ամսագրերը: Սարուխանի ծաղրանկարչության ավանդույթները զարգացել են Է. Քիրազի գործերում: Ե-ի կերպարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ունեն նաև Ա. Զորյանը, Բ. Կոջամանյանը, Ս. Սամսոնյանը, Տ. Կարապետյանը, Հ. Անդրանիկյանը, նոր սերնդի ներկայացուցիչներ Շ. Ավետիսյանը, Է. Փարթամյանը, Ա. Ժամկոչյանը, Վ. Վարժապետյանը: Ե-ում է ծնվել և ստեղծագործել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը (1962-ին ներգաղթել է հայրենիք):