Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթովպահայ համայնքը համալրվել է XII դ.՝ Եգիպտոսից, XIV դ. վերջին Կիլիկիայից (Հայկական թագավորության անկումից հետո) գաղթած հայերով: XVI դ. հայ հոգևորականները Ե-ում հիմնել են վանքեր (Դեբրա Մարիամ ևն), դպրոցներ, զարգացել է գրչության արվեստը, հայերենից եթովպերեն են թարգմանվել Գրիգոր Լուսավորչի վարքը, նրան վերագրվող մի շարք ճառեր, Պետրոս անունով մի հայ կրոնավորի աշխատությունը արաբերեն բնագրի միջոցով ևն: Եթովպական այբուբենի որոշ տառեր իրենց ձևով նման են հայկական տառերին, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ եթովպական այբուբեն ստեղծողը ծանոթ է եղել հայ գրին: 1539-ին Լեբնա Դենգել թագավորի հրամանով եթովպացիները որդեգրել են հայկական տոմարը:

Շատ հետազոտողներ հայկական ակնհայտ ազդեցություն են տեսնում նաև Ե-ի Լալիբելի շրջանում կառուցված հսկայական ժայռափոր եկեղեցիների ճարտարապետության և շինարարության տեխնիկայի մեջ:

Հայ առևտրականները թեև մեծ թիվ չեն կազմել, բայց որոշիչ դեր են խաղացել Ե-ի տնտեսական կյանքում, հատկապես՝ արտաքին առևտրի ասպարեզում: XVII-XVIII դդ. Ե. ազատ ելումուտի իրավունք են ունեցել միայն հայ վաճառականները: Այդ ժամանակ Ե. եկող եվրոպացիները դիմել են հայերին, հայ են ձևացել (հայկական հագուստ են հագել) երկիր մտնելու համար: Այս հանգամանքը վկայում է Ե-ում հայերի վայելած առանձնաշնորհյալ դիրքի մասին: Ի տարբերություն երկրում ապրող հնդիկների և հույների, հայերն իրավաբանորեն Ե-ի քաղաքացիներ էին:

Հայերն իրենց գործունեությամբ կարևոր դեր են ունեցել Ե-ի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում: Անձնվեր ու հավատարիմ ծառայության համար հայազգի շատ գործիչներ արժանացել են եթովպական կառավարության բարձր պարգևների (անգամ «Սողոմոնյան» շքանշանի, որը շնորհվել է միայն երկրի թագավորական տան անդամներին): Հայտնի է Մատթևոս անունով հոգևորական դիվանագետը, որը 1513-ին Ե-ի կայսեր կողմից հատուկ առաքելությամբ ուղարկվել է Պորտուգալիա (համարվում է Եվրոպա մեկնած եթովպական առաջին դեսպանը, իր արժանի տեղն է գտել Ե-ի պատմության դասագրքերում՝ որպես հմուտ դիվանագետ): Մուրադ Հալեպցին (Խոջա Մուրադ) Ե-ի թագավորի դեսպանն ու առևտրական ներկայացուցիչն էր Հնդկաստանում: Նրա գլխավորած առևտրադիվանագիտական առաքելությունները (1664, 1678, 1690, 1693) նպաստել են Ե-ի քաղաքական և տնտեսական մեկուսացումից դուրս գալուն: Հայտնի էին նաև դիվանագետներ Մուրադ Կրտսերը և Եդիա Ենովքը: Ե-ում ազդեցիկ դեմքեր էին կայսեր խորհրդականներ Կապրո Որգեն և Միրաճ Որգեն: Ազգությամբ հայ էր նաև երկրում վառոդի արտադրության կազմակերպիչը կայսր Յոհաննես 1-ի (1667-82) օրոք:

XVII դ. սկսած՝ Ե-ում հայերի հետ ունեցած իրենց հանդիպումների մասին են պատմում եվրոպացի շատ ճանապարհորդներ (այդ տեղեկությունների վերլուծությունը կատարել է հայտնի աֆրիկագետ Ռ. Պանկհարստը):

XVII դ. Ե. են գործուղվել մի շարք հայ պատվիրակներ՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան Գրիգոր եպիսկոպոսը, Հովհաննես արք. Աղթամարցին (երկու տարի եղել է Ե-ում, շրջագայել երկրում և վերադարձին գրել «Պատմութիւն Հապաշստանայ գնալոյ եւ գալոյ ճանապարհին» գիրքը): XVII դ. սկզբին Ե-ում է եղել հայ տոմարագետ, ճանապարհորդ Ավետիք Տիգրանակերտցի Բաղդասարյանը: Նա կազմել է Ե-ի մասին առաջին գիտական աշխարհացույցը, որտեղ մեծ ճշգրտությամբ տրված են երկրի տեղագրությունը, լեռների, դաշտերի, գետերի, քաղաքների նկարագրությունն ու չափագրությունը: 1867-68-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խնդրանքով Ե. է մեկնել Հայ եկեղեցու հատուկ պատվիրակությունը՝ անգլիացիների հետ գժտված Թեոդորոս II արքայի հետ բանակցություններ վարելու և անգլիացի կալանավորներին ազատ արձակելու նպատակով:

Հայերի հոսքը Ե. ուժեղացել է Թուրքիայում 1894-96-ին կազմակերպված հայկական կոտորածներից հետո: Նորագարթ հայերի մեծ մասը արհեստավորներ (ոսկերիչներ, զինագործներ, երկաթագործներ) ու գյուղացիներ էին, որոնց գալով փոխվել է համայնքի սոցիալական կազմը: Մինչ այդ գերակշռում էին առևտրականներն ու պետական ծառայողները, կային նաև ճարտարապետներ, դեղագործներ, մեքենագետներ: XIX դ. վերջին - XX դ. սկզբին Ե-ում գործել են հայերին պատկանող 10 առևտրական տներ, որոնք իրենց մասնաճյուղերն են ունեցել Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներում: Հայ առևտրականները Ե. են ներմուծել երկաթեղեն, մետաքս, կապար, բամբակեղեն, ապակեղեն, ներկանյութեր, մեքենաներ, զենք, զինամթերք, արտահանել մեղրամոմ, փղոսկր, մորթի, սուրճ և այլն: Հատկապես մեծ է եղել հայերի դերը զենքի և զինամթերքի մատակարարման գործում. XIX դ. վերջից, տարիներ շարունակ, հայերն են եթովպական բանակին հրետանի և այլ զինատեսակներ մատակարարել: Հայ արհեստավորներն իրենց արհեստն են ուսուցանել եթովպացիներին: Հայերն աչքի են ընկել նաև երկրի գյուղատնտեսության զարգացման բնագավառում, ձեռք են բերել բանանի տնկարկներ, ինչպես նաև ֆերմաներ, որտեղ ա-