ճեցրել են դեղձ, խաղալ, թութուն, որոնք նախկինում ծանոթ չեն եղել տեղացիներին: Եթովպահայերը պահպանել են իրենց առաջնային դիրքը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, սերտ կապեր ունեցել եթովպական արքունիքի հետ: XVIII դ. առաջին կեսին Ե-ի արքունիքի գանձապետը Սեֆել անունով հայ էր: Նրա մահից հետո այդ պաշտոնը վարել է Հովհաննես Թովմաճյանը, ապա՝ նրա որդի Պողոսը: 20 տարի երկրի գլխավոր ճարտարապետն է եղել Գրիգոր Հովյանը (XIX դ.), ավելի ուշ՝ ճանաչված ճարտարապետ էր Մինաս Խերպիկյանը (նրա կազմած հատակագծերով Ե-ում կառուցվել են բազմաթիվ ճանապարհներ, կամուրջներ ևն): Մենելիք կայսեր (XIX դ.) բժշկապետն էր Պողոս Մարգարյանը, ոսկերչապետը՝ Տիգրան Հեպեյանը (պատրաստել է Մենելիքի անզուգական թագերը): Հայլե Սելասիե կայսեր օրոք (1930-74) արքունի դրամահատարանի պետն էր Միքայել Թոփչյանը, ֆինանսական գործերի կառավարիչը՝ Աբրահամ Քորհաճյանը, դեղագործը՝ Արշակ Թերգյանը, արքունի նվագախմբի ղեկավարը՝ Գևորգ Նալբանդյանը (Ե-ի պետական օրհներգի հեղինակն է և զինվորական նվագախմբի հիմնադիրը): Օտար և ներքին թշնամիների դեմ եթովպական ժողովրդի մղած պայքարի պատմության մեջ նշանակալի տեղ ունի Սարգիս Թերզյանը: Նա Ե. է եկել 1882-ին, հաստատվել Հարար քաղաքում, ժամանակի ընթացքում դարձել Ե-ի կայսր Մենելիք II-ի ամենաազդեցիկ մերձավորներից մեկը, վարել է զինվորական և վարչական բարձր պաշտոններ, գլխավորել Լոնդոն, Բեռլին, Վիեննա, Հռոմ, Բրյուսել Վաշինգտոն ուղարկված եթովպական դիվանագիտական պատվիրակությունները, եղել երկրի մի շարք մարզերի նահանգապետ: Նա առաջինն է կազմակերպել մեքենաների ներմուծումը Ե., ձեռնարկել Ջիբութի-Ադիս Աբեբա երկաթուղու կառուցումը, եթովպական բանակը գինել ժամանակակից զենքով, կառուցել հյուրանոցներ, ջրաղացներ, հացի փռեր: Իր սեփական ծախսով 1894-96-ի համիդյան սպանդից փրկված բազմաթիվ հայ ընտանիքների հասցրել է Հարար:
Հայերի վերջին նշանակալի հոսքը Ե. տեղի է ունեցել Մեծ եղեռնից հետո: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եթովպահայ կամավորները կռվել են եգիպտական ռազմաճակատում՝ թուրքական բանակի դեմ: Ե-ի հայերի նվիրվածությունը լավագույնս դրսևորվել է 1935-ին իտալական ֆաշիզմի դեմ եթովպացիների մղած պայքարում, կազմակերպվել է այդ երկրի անկախությունը պաշտպանող Հայ համայնքի միությունը, որը կամավորներով և այլ միջոցներով օգնել է եթովպական ժողովրդին: Պատերազմում աչքի են ընկել կամավորներ Բաբկեն Սեֆերյանը, Ստեփան Փափազյանը, Գեհերյանը և ուրիշներ:
Արևելյան Աֆրիկայի ամենամեծ արդիական տպարանը պատկանել է Իլյաս և Գևորգ Ճիլահյան եղբայրներին, մյուս խոշոր տպարանը՝ Սուրմելյան ազգանունով մի հայի, ապա՝ Զագրյան եղբայրներին: Առևտրական խոշոր գործակալություն են հիմնել Սիճերյանները (ավտոմեքենաների, գյուղատնտեսական մեքենաների մեծածախ առևտուր), Հակոբ Բեհսինիլյանը (Ե-ի առևտրի նախարարն էր մինչև 1972-ը)՝ իր որդիների հետ (էլեկտրական ապրանքների մեծածախ առևտուր), Բյուզանդ Նալբանդյանը: Խոշոր գործարանատերեր են եղել Մարտիրոս Տարակչյանը, Սվաճյան եղբայրները: Հայտնի էին նաև բժիշկներ Բեհսինիլյանը, Վարդգես Թոփչյանը, դեղագործ Վարուժան Պրուպյանը, գործարարներ Վահագ Ղարիբյանը, Առաքել Սաքաղջյանը, դաշնակահարուհիներ Ա.Թոփալյանը, Ա. Ճերահյանը, ջութակահար Է. Ճերահյանը և ուրիշներ: Հայ ճարտարապետներն ու շինարարները նշանակալի դեր են խաղացել երկրի մայրաքաղաքի՝ այն ժամանակյա համար արդիական նկարագրի ստեղծման գործում: Ադիս Աբեբայի եվրոպական տիպի առաջին հյուրանոցը կառուցել են հայերը և կոչել Թաիտու կայսրուհու անունով (գտնվում է քաղաքի հին մասում):
XX դ. սկիզբը եթովպահայ համայնքի ծաղկման շրջանն է: Ադիս Աբեբայում փաստորեն ի հայտ եկավ հայկական թաղամաս, որտեղ կառուցվել էին եկեղեցի, դպրոց, մարզական ակումբ, ռեստորան, շատ հայերի բնակելի տներ:
1930-ական թթ. եթովպահայերի թիվը հասել է 2800-ի: Հիմնականում բնակվել են Ադիս Աբեբայում, ինչպես նաև Գիրեդավա, Հարար, Զեյլա քաղաքներում:
Եթովպահայ համայնքի բնականոն զարգացումն ընդհատվել է 1935- ին, երբ իտալացիներն օկուպացրել են Ե.: Բազմաթիվ հայ երիտասարդներ տեղափոխվել են Լիբանան, Ջիբութի և այլ երկրներ: Փակվել են