ԹԱԻԼԱՆԴ
Թաիլանդի Թագավորություն (մինչև 1939-ը՝ Սիամ), պետություն Հարավարևելյան Ասիայում: Տարածքը՝ 513,1 hզ. կմ²: Բնակչությունը՝ 62 մլն (2000): Մայրաքաղաքը՝ Բանգկոկ (10 մլն): Հայերի թիվը՝ 40-50:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:
Սիամում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XVII դարին: Սիամի Նառայ թագավորի (1656-88) ժամանակաշրջանի գրավոր աղբյուրների համաձայն՝ XVII դ. կեսին Սիամում բնակվել են զգալի թվով հայեր, որոնք կենտրոնացել են Այութայայում (Սիամի մայրաքաղաքը 1350-1767-ին): Տեղի հայերի մասին հիշատակումներ կան նաև Փարիզում տպագրված Ադրիեն Լունեի «Սիամում ֆրանսիական ներկայացուցչության պատմություն՝ 1662-1811 թթ.» մենագրության, ինչպես նաև «Սիամի թագավորության վարչապետ Կոնստանսի և Սիամի վերջին հեղափոխության պատմությունը» գրքի էջերում:
Սիամում ապրող հայերի մասին տեղեկություններ են հաղորդում նաև ռուսական աղբյուրները: Ռուս-թաիլանդական հարաբերությունների պատմությանը վերաբերող փաստաթղթերը վկայում են, որ հայերին հաջողվել է սերտ կապեր ստեղծել հայ ժողովրդի հետ: Այութայայի բազմազգ բնակչության մեջ հայերն ունեցել են ամենաստվար համայնքներից մեկը: Նրանց շնորհվել էր համայնքային որոշակի ինքնակառավարման և սեփական կրոնը դավանելու իրավունք: Սիամում Ֆրանսիայի դեսպան դե Շոմանը 1685-ի իր զեկույցում հայտնում է, որ բազմաթիվ հայեր ծառայում են Սիամի թագավորի թիկնազորում որպես սպաներ, իսկ հայ վաճառականները մրցակցում են անգլիացի և հոլանդացի վաճառականների հետ: Նրանք ունեն սեփական նավ, որը կանոնավոր առևտրական շրջագայություններ է կատարում