ները, ամիրաները (կառավարել են կայսրության տնտեսության կարևոր գերատեսչությունները, կատարել երկրի հարկահավաքությունը, վարկեր տրամադրել վաճառականներին, պետական գրասենյակներին, հաճախ նաև սուլթաններին), սարաֆները կամ սեղանավորները (XVIII դ. վերջ - XIX դ. սկիզբ), էֆենդիները, առևտրավաշխառուները, բուրժուազիայի ներկայացուցիչները (XIX դ. 2-րդ կես - XX դ. սկիզբ): Հայ մեծատուններին էին վստահված թուրքական արքունիքի պետական կարևոր պաշտոնները: Տյուզյանները վարել են (ժառանգաբար) ոսկերչությունն ու դրամահատությունը, Տատյանները՝ վառոդագործությունը, Պալյանները՝ ճարտարապետությունը ևն: Հայերը եղել են օսմանյան կառավարության նախարարներ (թղթատարական-հեռագրական, հանրօգուտ շինության, երկրագործության, արտաքին գործերի ևն), ինչպես նաև օսմանյան խորհրդարանի (մեջլիս) երեսփոխաններ: Հայերի խորհրդով և գործուն մասնակցությամբ ստեղծվել են Օսմանյան դրամատունը, Օսմանյան համալսարանը, Իրավաբանական վարժարանը, Հանրային պարտուց վարչությունը, օսմանյան քաղաքային օրենքը ևն: Թ-ում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն էր, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաճյանը: Գրիգոր Սինանյանը ստեղծել է առաջին նվագախումբը, Երվանդ Ոսկանն առաջին քանդակագործն էր և գեղարվեստական վարժարանի հիմնադիրներից մեկը: Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը: Մանասե ընտանիքի անդամները եղել են սուլթանների պալատական նկարիչները (թուրքական արվեստում նրանք առաջին դիմանկարիչներն էին): Աբդուլլահների հայ ընտանիքը Թ-ում լուսանկարչության սկզբնավորողն էր: Զիլճյանները երկու դար շարունակ պատրաստել են ծնծղաներ, որոնք իրենց նուրբ հնչողությամբ գերազանցել են եվրոպականներին և միջազգային ցուցահանդեսներում արժանացել մրցանակների:
Ընդհանուր մաքսային ծառայության վերահսկողությունը XIX դ. սկզբին հանձնված էր Տյուզյան Հովհաննես չելեբիին, ապա՝ Ճեզայիրլյան Մկրտիչ ամիրային, բանակի հացի մատակարարումը՝ Նորատունկյաններին: Թ-ում շերամաբուծությունը գիտական զարգացման հիմքի վրա է դրել Գ. Թորգոմյանը՝ հիմնելով Բրուսայի շերամաբուծական վարժարանը: Պողոս Արապյանը թուրքական տպագրության համար ստեղծել է նոր տառատեսակներ (կոչվել են «արապօղլու»), Հովհաննես Մյուհենտիսյանի ստեղծած տառերը հեղաշրջում են առաջացրել թուրքական տպագրական արվեստում:
Հայերը մեծ ներդրում ունեն Թ-ի բժշկության պատմության մեջ. Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի (1451-81) պալատական բժիշկն էր (կրում էր «մեծ բժշկապետ» տիտղոսը): Հայ բժիշկների նախաձեռնությամբ Կ. Պոլսում հիմնվել են նոր Բժշկական վարժարանը և Բժշկական կայսերական ընկերությունը: Թուրքական բանակում ծառայած 10 հայ բժիշկներ արժանացել են փաշայի տիտղոսի: Արքունի բժիշկներ են եղել նաև Շուշանյանները: Արքունի բժշկական համալսարանում դասախոսել են Սերվիչենը (Սերովբե Վիչենյան), Նիկողայոս Ռուսինյանը, Խնդամյանը, Անդրանիկ բեյ Կռճիկյանը, Ստեփան փաշա Ասլանյանը: Թուրքերենի առաջին արմատական բառարանը կազմել է Պետրոս Քերեսթեջյանը: Լեզվաբանության մեջ մեծ դեր է խաղացել Հակոբ Դիլաչարը (Մարթայան):
Թ-ում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում՝ գրողներ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Արփիար Արփիարյանը, Հակոբ Մնձուրին, հրապարակախոսներ Հարություն Սվաճյանը, Գրիգոր Օտյանը, Թեոդիկը: Տարիներ շարունակ այստեղ է գործել մեծն Կոմիտասը: Հայտնի են եղել Ի. Վարդովյանի, Մ. Մնակյանի, Մ. Պենկլյանի հիմնած թատրոնները:
Թ-ում ապրող հայերի հասարակական կյանքը կազմակերպելու համար ստեղծվել են ազգային, մշակութային, բարեգործական միություններ ու ընկերություններ: XIX դ. վերջին - XX դ. սկզբին Թ-ում գործել են նաև հայ ազգային կուսակցությունները: