ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի Հանրապետություն, պետություն Արևմտյան Ասիայում և Հարավարևելյան Եվրոպայում: Տարածքը՝ 779,5 եզ. կմ²: Բնակչությունը՝ 63,450 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Անկարա (4 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը շուրջ 80 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հաստատված չեն:
Ժամանակակից Թ-ի արևելյան մասն Արևմտյան Հայաստանն է, որը XVI-XVII դդ. թուրք-իրանական պատերազմների ընթացքում զավթվել է և 1555-ի Ամասիայի ու 1639-ի Կասր-է Շիրինի պայմանագրերով բռնակցվել Օսմանյան կայսրությանը:
Թ-ի արևմտյան մասը կազմող Փոքր Ասիայում, ինչպես նաև Պոնտոսում հայերը հաստատվել են դեռ բյուզանդական տիրապետության շրջանից (V-VI դդ.): VIII-IX դդ., խուսափելով արաբական բռնություններից, հայերի նորանոր խմբեր են տեղափոխվել Պոնտոս, Կապադովկիա, Գաղատիա և այլուր: Հայ բնակչության արտագաղթը զանգվածային է դարձել XI դ. հայոց պետականության անկման և սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով: Հայերի գաղթը շարունակվել է նաև հետագա դարերում: Փրկվելով թուրք-իրանական ավերիչ պատերազմներից՝ XVI—XVII դդ. հազարավոր հայ ընտանիքներ են ապաստանել Կոստանդնուպոլսում (Կ. Պոլիս) ու շրջակայքում, ինչպես նաև Փոքր Ասիա թերակղզու և Էգեյան ծովափի բազմաթիվ քաղաքներում ու ավաններում՝ Իզմիրում (Զմյուռնիա), Ադրիանուպոլսում (Էդիրնե), Ռոդոսթոյում և այլուր: XVII-XVIII դդ. Համշենից և հարակից գավառներից հազարավոր հայեր, փրկվելով բռնի մահմեդականացումից ու կոտորածից, սփռվել են Սև ծովի հարավային ափով մեկ: Նույն ժամանակահատվածում գերազանցապես Կ. Պոլիս և շրջակա բնակավայրերն են տեղափոխվել հայերի հոծ խմբեր Ակնից, Երզնկայից, Կամախից, Կեսարիայից, Սեբաստիայից ևն: Մեծ թիվ են կազմել նաև աշխատանք գտնելու հույսով օսմանյան մայրաքաղաք և խոշոր քաղաքներ մեկնող հայերը:
Օսմանյան կայսրությունում հայերը դիտվել են որպես կրոնական համայնք: 1461-ին սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի հրամանագրով Կ. Պոլսում հիմնվել է Թ-ի հայոց պատրիարքությունը, որը ենթարկվել է անմիջապես սուլթանին և մեծ վեզիրին: Կ. Պոլսի հայոց պատրիարքներն ունեցել են կրոնական և աշխարհիկ մասնակի իրավունքներ, տնօրինել Թ-ի վարչական իրավասության տակ գտնվող հայության կրթության ու լուսավորության, տպագրության գործը, բարեգործական և մշակութային հաստատությունները, մասնակի հարկերի հավաքումը հօգուտ համայնքի ու պետության:
Կ. Պոլսում և Թ-ի մյուս քաղաքներում ապրող հայության ամենաբազմամարդ խավն արհեստավորներն էին, պանդուխտ մշակները, բանվորները: Մեծ համբավ վայելող արհեստավորները համախմբված էին էսնաֆությունների (համքարություններ) մեջ: Զգալի թիվ է կազմել ունևոր խավը՝ խոջաներն ու չելեբի-