Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դպրեվանքը, միջնակարգ վարժարաններից՝ Պեզճյան մայր վարժարանը, Տատյանը, Արամյան-Ունճյանը, Մերամեթճյանը, նախակրթարաններից՝ Լևոնյան-Վարդուհյանը, Եշիլգյուղի, Սեմերճյանը, Ներսեսյան-Երմոնյանը, Թարգմանչացը ևն: Գործում են կաթոլիկ վարժարաններ՝ Վիեննական Մխիթարյան, Սամաթիայի և Բանկալթիի, Անարատ հղության քույրերի միաբանության, Վենետիկյան Մխիթարյան: Դպրոցներին կից ստեղծվել են սանուց միություններ, որոնք ունեն իրենց պարբերականներն ու թատերախմբերը: Գործում են համայնքային հաստատություններ՝ Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցը, Գալֆայան, Կարագյոզյան որբանոցները, Կեդրոնական վարժարանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ս. Խաչ դպրեվանքը, Թրքահայ ուսուցչաց հիմնարկը, «Տիրացուների» հիմնարկը, Կյումուշյան հիմնարկը, Թրքահայ մարզական միությունը, Շիշլիի մարմնակրթական միությունը, «Մարաշ» երգի-պարի անսամբլը, «Սայաթ-Նովա» մանկապատանեկան երգչախումբը:

Լույս են տեսնում հայերեն պարբերականներ:

Անկարայում (անտիկ՝ Անկյուրիա, հայկական աղբյուրներում՝ նաև Անգորա) XX դ. սկզբին ապրել է 13 հզ. հայ: Համանուն վիլայեթի կենտրոնն էր: Կար հայկական երկու եպիսկոպոսություն (առաքելական և կաթոլիկ): Գործել են առաքելական Ս. Գրիգոր, Ս. Նշան, Ս. Կարապետ, Ս. Սարգիս և կաթոլիկ Ս. Կղեմես, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Փրկիչ, Կաթողիկե հայկական եկեղեցիները, դպրոցներ: Անկարայի շրջակայքում էր գտնվում հայկական հինավուրց Ս. Աստվածածին կամ Կարմիր վանքը: Քաղաքի արհեստագործությունը և առևտուրը գերազանցապես հայերի ձեռքին էր: 1915-ին հայերը բռնությամբ տեղահանվել են: Ոչնչացվել է Անկարայի հայկական ձեռագրերի (ավելի քան 300) հավաքածուն (պահպանվել է միայն ձեռագրացուցակը): 1920-ական թթ. սկզբին քաղաքում մնացել էր 1,5 հզ. հայ: Ներկայումս (2003) Անկարայում ապրում է շուրջ 2,5 հզ. հայ: 2000-ից Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրական ֆակուլտետում դասավանդվում են հայոց լեզու և գրականություն:

Ադաբազարը հիմնել են XIV դ. վերջին Սեբաստիայից գաղթած մի խումբ հայեր և իրենց առաջնորդի անունով այն կոչել Տոնիկաշեն: Հետագայում բնակչությունը ստվարացել է տարբեր վայրերից եկած հայերի հաշվին: Երբ Տոնիկաշենը դարձել է բարեշեն և վաճառաշահ գյուղաքաղաք, այնտեղ հաստատվել են նաև թուրքեր և հույներ: XV դ. վերջին թուրքերը գյուղաքաղաքն անվանել են Ադա (կղզի), ավելի ուշ՝ որպես բանուկ շուկա՝ Ադաբազար (Կղզեշուկա): XX դ. սկզբին Ադաբազարն ուներ 25 հզ. բնակիչ, որից 12,5 հզ-ը՝ հայեր: Վերջիններս զբաղվել են արհեստներով, առևտրով, շերամապահությամբ, երկրագործությամբ: Հայերն ունեին 4 եկեղեցի՝ Ս. Հրեշտակապետ, Ս. Կարապետ, Ս. Լուսավորիչ, Ս. Ստեփանոս, որոնց կից՝ նախակրթարաններ, մանկապարտեզներ: 1909-ին բացվել է տղաների Կենտրոնական երկրորդական վարժարանը, 1912-ին՝ աղջիկների դասընթացը: Գործել են Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, երգչախումբ, թատերախմբեր: 1910-ին լույս է տեսել «Երկիր» թերթը (1911-ից տպագրվել է Կ. Պոլսում), 1912-ին՝ «Բութանիա» շաբաթաթերթը: Ադաբազարի հայերի զգալի մասը 1915-ին տեղահանվել է: 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո Ադաբազար վերադարձած մոտ 4 հզ. հայեր հունական բանակի նահանջի ժամանակ (1921) հարկադրված թողել են քաղաքը և գաղթել տարբեր երկրներ:

Ադրիանուպոլսի (Էդիրնե) հայ համայնքը ձևավորվել է վաղ միջնադարում, ստվարացել է XIII-XIV դդ. Ղրիմից գաղթած հայերի հաշվին: 1550-ին հայազգի ճարտարապետ Սինանը կառուցել է Ադրիանուպոլսի նշանավոր Սելիմիե (1569-75) մզկիթը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքում բնակվել է ավելի քան 4,5 հզ. հայ: Զբաղվել են առևտրով, արհեստներով: Գործել են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Թորոս, Ս. Կարապետ եկեղեցիները, 4 վարժարաններ: 1914-1918-ին հայերն Ադրիանուպոլսից տեղահանվել են և ապաստան գտել Հունաստանում ու Բուլղարիայում: Հայ մշակույթի արժեքավոր նմուշ է «Ադրիանուպոլսի ավետարանը» (1007): Ադրիանուպոլսում է ծնվել երգիծաբան Հակոբ Պարոնյանը:

Ամասիայում հայերը հաստատվել են վաղնջական ժամանակներից: 1914-ին քաղաքն ունեցել է շուրջ 14 հզ. հայ բնակիչ: Հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով: Քաղաքում գործել է 3 եկեղեցի (առաքելական՝ Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, կաթոլիկ՝ Ս. Նիկողայոս), 12 դպրոց (միայն առաքելական հայերինը 10-ն էր՝ 1325 աշակերտով), 5 մանկապարտեզ, ազգային հիվանդանոց, բազմաթիվ մշակութային ընկերություններ: Շրջակայքում են գտնվել հայկական Ս. Աստվածածին (Մարզվանի Ս. Աստվածածին) և Ս. Արիստակես վանքերը: Ամասիայում լույս են տեսել «Ապառաժ» շաբաթաթերթը, ապա՝ ամսագիրը (1911), «Ամասիա» կիսամյա հանդեսը (1911-14): Եղել է Սեբաստիայի (Ավագի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը: 1915-ին Ամասիայի և շրջակա ավանների (Գյումուշ, Հաջիքյոյ, Լիճ կամ Քյորքյոյ, Լաթիք ևն) հայերը բռնությամբ