Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղահանվել են: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: 1971-ին Ամասիայում ապրում էր շուրջ 300 հայ: Ամասիայում է ծնվել հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին:

Բրուսան (Պրուսա, այժմ՝ Բուրսա) Փոքր Ասիայի արևմուտքում ընկած Բյութանիա (Նիկոմեդիա) երկրամասի հնագույն քաղաքներից է: 1326-1361-ին եղել է օսմանյան պետության մայրաքաղաքը: XX դ. սկզբին համանուն վիլայեթի (նաև՝ Խուդավենդիզյար) կենտրոնն էր: Հայերն այստեղ հաստատվել են XVII դ. (հիմնականում Պարսկաստանից, նաև Խարբերդից, Արաբկիրից ևն): 1914-ին քաղաքն ուներ 11,5 հզ. հայ բնակիչ: Գործել են Ս. Աստվածածին եկեղեցին, վարժարան, նախակրթարաններ: 1922-ին քեմալականները, գրավելով Բրուսան, կազմակերպել են հայերի և հույների կոտորած: Փրկվածները հիմնականում գաղթել են Հունաստան:

Եվդոկիան (թուրքերեն՝ Թոքաթ, հայկական աղբյուրներում՝ Թոխաթ) Փոքր Ասիայի հնագույն հայկական գաղթավայրերից է: Միջնադարում եղել է հայ գրչության կենտրոն, գործել են Ս. Հովհաննես Ոսկեբերան և Ս. Հովակիմ-Աննա վանքերը: 1914-ին քաղաքն ունեցել է շուրջ 12 հզ. հայ բնակիչ: Գործել է 8 եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Երրորդություն, Ս. Քառասնից, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գևորգ, ինչպես նաև կաթոլիկ Ս. Ավետման), Վարդանյան և Վարդուհյան վարժարանները, Ս. Աստվածածին, Ս. Երրորդություն և Ս. Գևորգ եկեղեցիներին կից նախակրթարանները, թատերական խմբեր ևն: Եվդոկիայում հրատարակվել են «Երախայրիք» ամսագիրը, «Իրիս» կիսամսյա թերթը: Եղել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը: 1915-ին քաղաքի և շրջակա բնակավայրերի հայերն ամբողջությամբ տեղահանվել են, մեծ մասը կոտորվել: 1939-ին Եվդոկիայում բնակվել է ընդամենը 400 հայ, որոնք հետագայում հեռացել են: Եվդոկիայում է ծնվել XVII դ. հայ տպագրիչ Աբգար դպիր Թոխաթեցին:

Իզմիրում (Զմյուռնիա, հայկական աղբյուրներում՝ նաև Զմյուռին) հայերը հաստատվել են դեռես XIII դ.: Գրավոր առաջին հիշատակությունը վերաբերում է 1261-ին, երբ հայ առևտրականները մասնակցել են բյուզանդա-ջենովական առևտրական պայմանագրի կնքմանը:

XVII դ. սկզբին (պարսից շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթից հետո) 1000 հայ ընտանիք Երևանից, Նախիջևանից, Ղարաբաղից, իսկ XVIII դ. վերջին (Աղա Մահմեդ խանի 1795-ի արշավանքից հետո) մոտ 300 հայ ընտանիք Աշտարակից, Կարբիից, Օշականից, մասամբ՝ Անկարայից գաղթել և հաստատվել են Իզմիրում:

1621-ին Իզմիրում կար շուրջ 8 հզ., 1731-ին՝ 7 հզ., 1836-ին՝ 10 հզ. հայ: 1915-ին Իզմիրը շրջակա Բոռնովա, Գորդելիո, Կարաթաշ և Գյոզթեփե հայաբնակ արվարձաններով ունեցել է ավելի քան 21 հզ. հայ բնակիչ: 1919-22-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը կոտորել են հայերի մեծ մասին, ողջ մնացածներն արտագաղթել են Հունաստան, ապա՝ Հայաստան և այլուր:

Հայերը բնակվել են քաղաքի Հայնոց, Գետեզերք, Քարափ թաղամասերում: Մեծ մասամբ արհեստավորներ էին (ոսկերիչներ, ժամագործներ, մետաքսագործներ)՝ համախմբված էսնաֆությունների մեջ: Զգալի թիվ են կազմել նաև հայ վաճառականները, որոնցից շատերն առևտրական տներ ունեին Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքներում: Արտահանում էին գորգեր, կաշի, բուրդ, հացահատիկ, չոր միրգ, ներմուծում նավթ, շաքար ևն: Իզմիրում գործել են 4 հայկական եկեղեցիներ (Հայնոցի Ս. Ստեփանոս, Ս. Հարություն, Ս. Գրիգոր Լուսավորիչ, կաթոլիկ՝ Ս. Տիրամայր): Շրջակա գյուղաքաղաքներում և ավաններում [Այդրն կամ Գյոզալհիսար, Բերղամա (պատմական՝ Պերգամոն), Մանիսա (պատմական՝ Մագնեսիա), Քրքաղաջ, Օդամիշ ևն] հայերը զբաղվել են նաև արհեստներով, առևտրով, մասամբ՝ այգեգործությամբ: 1799-ին հիմնվել է Մեսրոպյան վարժարանը, այնուհետև գործել են նաև Հռիփսիմյան իգական թերի միջնակարգ, Աղաբեկյան, Սարգսյան, Սավալանյան, Վանագետյան մասնավոր դպրոցները, Մխիթարյանների դպրոցը, միսիոներական բարձրագույն վարժարանը:

1802-ին կառուցվել է Ս. Լուսավորիչ ազգային հիվանդանոցը:

1879-ին Հովհաննես և Հակոբ Սպարտալյան եղբայրների միջոցներով կառուցվել է նոր հիվանդանոց: Գործել են Սյունյաց, Արագածունյաց, Ուսումնասեր, Վասպուրական, Հաշտենից մշակութային ընկերությունները, 1909-22-ին՝ ՀԲԸՄ Իզմիրի մասնաճյուղը, հայկական թատրոն:

Իզմիրի առաջին հայկական տպարանը 1759-ին հիմնել է Մահտեսի Մարկոսը, հետագայում գործել են նաև Մեսրոպյան, Տետեյան, Մամուրյան տպարանները, որտեղ հրատարակվել են հայկական գրքեր, պարբերականներ, դասագրքեր: