Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ական թթ. վերջին պատրիարքությունը բաղկացած էր 20, 1834-ին՝ 36, իսկ 1900-ին՝ 43 վիճակից՝ 1181 եկեղեցիով և 132 վանքով: 1997-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքության իրավասության ներքո եղած 6 վիճակներն են՝ Հին քաղաք, Արևելյան Բոսֆոր, Արևմտյան Բոսֆոր, Իշխանաց կղզիներ, Գավառ, Կրետե կղզի: Դարերի ընթացքում Կ. Պոլսում կառուցված 55 առաքելական եկեղեցիներից այսօր գործում են 35-ը՝ Սկյուտարի Ս. Խաչը, Սամաթիայի Ս. Գևորգը, Ֆերիգյուղի Ս. Վարդանանցը, Ղալաթիայի Ս. Գրիգոր Լուսավորիչը ևն: Գավառում գործում է 6, Կրետե կղզում՝ 1 եկեղեցի:

Սկզբնական շրջանում Կ. Պոլսի հայոց պատրիարքներին նշանակել է սուլթանը: XVIII դ. սկսած՝ պոլսահայ համայնքն օրեցօր ստվարացել է, հատկապես բարձրացել է ամիրայական դասի հեղինակությունը, ինչը սուլթաններին ստիպել է պատրիարքների նշանակման ժամանակ հաշվի առնել նաև նրանց կարծիքը: Ներկայումս Կ. Պոլսի հայոց պատրիարքն ընտրվում է համայնքների ներկայացուցիչների պատգամավորական ժողովում: 1461-ից ցարդ պատրիարքական աթոռը զբաղեցրել են 84 հոգևորականներ: Նրանցից չորսը՝ Մատթեոս Բ (Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի), Գևորգ Բ (Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի), Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ), Մատթեոս Գ (Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի), ընտրվել են Ամենայն հայոց կաթողիկոսներ: Կ. Պոլսի հայոց պատրիարքներ Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Եղիշե Դուրյանը նշանակալի դեր են խաղացել հայոց հասարակական, մշակութային, գիտական, հոգևոր-եկեղեցական կյանքում: Արևմտահայությունը զարթոնք է ապրել Հովհաննես Կոլոտ Բարիշեցի, Հակոբ Նալյան, Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի պատրիարքների պաշտոնավարության ընթացքում: Շուրջ ութ տասնյակ տարիների ընթացքում հիմնվել ու բացվել են դպրոցներ, թանգարան-մատենադարան, տպարան-գրավաճառանոցներ, լույս են տեսել ինքնուրույն ու թարգմանական, կրոնական ու աշխարհիկ բովանդակությամբ տասնյակ գրքեր, կառուցվել են նոր և վերակառուցվել մի շարք եկեղեցիներ: Ազգային-հոգևոր ու մշակութային-կրթական վերելքը շարունակվել է նաև XIX դ.՝ Պողոս Ադրիանուպոլսեցու, Ստեփանոս Աղավնիի, Հակոբոս Սերոբյանի և այլ պատրիարքների անմիջական մասնակցությամբ ու գլխավորությամբ:

Պատրիարքարանի համար նախապես ազգային ավանդներով կրթված ու դաստիարակված հոգևորականներ է պատրաստել Արմաշի դպրեվանքը: Նույն նպատակին է ծառայում նաև Կ. Պոլսի Ս. Խաչ դպրեվանքը (1954-ին հիմնադրել է Գարեգին պատրիարք Խաչատուրյանը):

Պատրիարքարանին ենթակա եկեղեցիներում գործող դպրաց դաս երգչախմբերը նպաստել են հայոց ազգային-հոգևոր երաժշտության անաղարտ պահպանմանը: 1719-ին Հովհաննես Կոլոտ պատրիարքը Մայր եկեղեցուն կից բացել է ինքնուրույն կանոնադրությամբ ղեկավարվող առաջին կազմակերպված դպրաց դասը (գործում է ցայսօր): Առաջին բազմաձայն եկեղեցական երգեցողությունն ու երգեհոնի գործածությունը մայր եկեղեցում տեղի է ունեցել 1906-ին՝ Գրիգոր Մեհթերյանի ղեկավարությամբ:

Կ. Պոլսի հայոց պատրիարքության գործունեությունն ավելի կանոնակարգված բնույթ է ստացել 1860-ին ընդունված և 1863-ին սուլթանական կառավարության կողմից վավերացված Ազգային սահմանադրության հռչակումից հետո: Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1828) հետո Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը թուրքական կառավարության համար ավելի մեծ կարևորություն է ստացել: Հայ ազատագրական շարժման հարցում պատրիարքությունը հիմնականում զգուշավոր դիրք է գրավել՝ աշխատելով չգրգռել թուրքական կառավարությանը, փորձելով դիվանագիտական միջոցներով արևմտահայությանը զերծ պահել արյունահեղությունից: