Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ եղեռնից հետո պատրիարքությունը կորցրել է իր նախկին իրավունքներն ու դերը: Այժմ այն Թուրքիայի հայկական համայնքների հոգևոր ներկայացուցչությունն է: Իր գործունեությամբ նպաստում է հայ ցրված համայնքների համախմբմանը, նրա ազգային ինքնուրույնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը: Կ. Պոլսի հայոց պատրիարքն իր իրավասությունից բխող գործողություններն իրականացնում է կրոնական ժողովի միջոցով:

Ներկայումս (2003) Կրոնական ժողովը բաղկացած է հինգ հոգևորականից, երկու ատենապետից, երկու ատենադպիրից, նախագահում է պատրիարքը: Պատրիարքի նախագահությամբ է գործում նաև խորհրդակցական մարմինը, որն ունի երկու փոխնախագահ, ատենադպիր և ինն աշխարհական անդամ: Պատրիարքարանը հրատարակում է կրոնաբարոյական, գրական և պատմաբանասիրական «Շողակաթ» հանդեսը և տեղեկատվական «Լրաբեր» պարբերականը:

Կ. Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքն է Մեսրոպ արք. Մութաֆյանը (1998-ից): Թ-ում բնակվում են նաև մոտ 5 հզ. կաթոլիկ և 500 ավետարանական հայեր:


ԴՊՐՈՑ

Թ-ում առաջին հայկական դպրոցը (որտեղ պատրաստվում էին ուսյալ եկեղեցականներ) հիմնել է Հովհաննես Կոլոտ Բարիշեցի պատրիարքը XVIII դ. սկզբին՝ Կ. Պոլսում: Հետագայում դպրոցներ (նախակրթարան, տարրական, միջնակարգ-երկրորդական) են հիմնվել Տրապիզոնում, Իզմիրում, Ադրիանուպոլսում, Ադաբազարում ևն:

1859-ին Կ. Պոլսում կար 42, 1893-ին՝ 39, 1901-ին՝ 40 վարժարան: Մեծ եղեռնից հետո գործող դպրոցներ են մնացել միայն Կ. Պոլսում, որոնք դարձել են նաև ապաստան գավառներից եկած հայ որբերի համար: Սակայն այստեղ էր հայ ազգաբնակչության շարունակվող արտագաղթի պատճառով, խիստ նվազել է աշակերտների թիվը: Փակվել են Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը, Պերպերյան, Հինդլյան վարժարանները, մի շարք նախակրթարաններ և տարրական վարժարաններ: Ներկայումս (2003) Թ-ում գործում են 17 վարժարաններ, որոնցից 5-ը՝ Կեդրոնականը, Էսայանը, Ս. Խաչ դպրեվանքը, Սահակյան-Նունյանը, Վիեննական Մխիթարյանը, լիցեյներ ևն: Գործում են նաև Պեզճյան, Տատյան, Մերամեթճյան, Արամյան-Ունճյան, Լևոնյան-Վարգահյան, Թարգմանչաց, Ս. Սահակ-Ս. Մեսրոպ, Ներսեսյան-Երմոնյան վարժարանները, Սեմերճյան ճեմարանը, Գալֆայան ճեմարան-վարժարանը, Կարագյոգյան որբանոցը, Սամաթիայի և Բանկալթիի Անարատ հղության քույրերի, Վենետիկյան Մխիթարյան հայ կաթոլիկ վարժարանները: Կ. Պոլսի գրեթե բոլոր հայաշատ թաղամասերն ունեն երկրորդական կամ նախակրթական վարժարաններ՝ իրենց ծաղկոցներով: Վարժարաններում ուսուցանվում է հայոց լեզու, կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է): Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են:

Պեզճյան մայր վարժարան, մինչև 1830-ը՝ Գումգափուի մայր վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց, հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը 1715-ին՝ Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Մինչև 1741-ը կոչվել է Ընծայարան: Նպատակն էր պատրաստել եկեղեցու սպասավորներ, ուսուցիչներ: Ունեցել է բարձրագույնի ծրագիր, կրոնին ու հայագիտական առարկաներին զուգընթաց դասավանդվել են «Յոթ ազատ արվեստներ», հունարեն, լատիներեն: Վարժարանում թարգմանվել է գիտական, փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն: Աստվածաբանական առարկաներից բացի, աշակերտները սովորել են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, բանահյուսություն, ճարտասանություն, օտար լեզուներ, բնական գիտություններ: Ուսանելու էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից: Շրջանավարտներից շատերը դարձել են կրոնական ու հասարակական նշա-