շոտ Մադաթյանի և այլոց գլխավորությամբ, որոնցից նշանավորը Պոլսո հայ դրամատիկն էր: Օպերետային ներկայացումներ են բեմադրել տեղի խմբերը: 1921-ին Կ. Պոլսում կազմակերպվել է Հայ արվեստի տունը (հինգ մասնաճյուղով, նախագահ՝ Երվանդ Օտյան, ապա՝ Վահան Թեքեյան): 1920-ին Զմյուռնիայում հիմնվել է «Արտավազդ» ընկերությունը, որը նպաստել է թատերական կյանքի աշխուժացմանը: Հույն-թուրքական պատերազմի ժամանակ հայ դերասանների մեծ մասն անցել է Ֆրանսիա, ԱՄՆ, Եգիպտոս և այլուր. հայ թատրոնն անկում է ապրել: Թ-ում մնացած դերասանները (Աշոտ Մադաթյան, Լյուսի Թոգաթլյան և ուրիշներ) հայ հեղինակների պիեսները հարկադրված բեմադրել են թուրքերեն: 1930-60-ական թթ. Կ. Պոլսում գործել է Երիտասարդաց թատերախումբը, որը ներկայացումներ է տվել քաղաքապետարանի, Բանկալթիի թատրոններում, Մխիթարյան, Էսայան, Արամյան սանուց միությունների թատերասրահներում: Բեմադրություններին մասնակցել են դերասաններ և ռեժիսորներ Աշոտ Մադաթյանը, Շավարշ Գարագաշը, Վահրամ Ձկնունին (Պալքճյան), Եդվարդ Երեցյանը, Օննիկ Գարապաճյանը, Հակոբ Այվազը, Պերճ Ֆազլյանը, Լյուսի Թոգաթլյանը, Զ. Չուլճյանը, Խորեն Փափազյանը, Զարեհ Արշակը, Քնար Սվաճյանը, Էդվարդ Չապրաստը, Թ. Արազյանը, Նուբար Թերզյանը, Պ. Արսենյանը և ուրիշներ: 1960-70-ական թթ. գործել է Մշակութային թատերասիրաց միության Փոքր թատերախումբը, պիեսներ են բեմադրել Հակոբ Այվազը, Վ. Ծուլիկյանը և ուրիշներ: Ներկայացումներում հանդես են եկել Ս. Գավեճյանը, Մ. Պչաքճյանը, Ա. Զորայանը, Ա. Տումանյանը, Զ. Լուսինյանը, Պ. Գավեճյանը, Օ. Կառվարյանը, Կ. Մուրադյանը, Կ. Նագգաշյանը, Հ. Էոզերը, Խ. Գալիկյանը և ուրիշներ: 1980-ական թթ. ներկայացումներ են տրվում Մխիթարյան, Էսայան սանուց միություններում և այլ ընկերություններում:
Արամյան թատրոն, հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոն-կրկեսը: Հիմնադրվել է 1846-ին, Կ. Պոլսում՝ դերասան, թատերական գործիչ Հովհաննես Գասպարյանի ջանքերով:
Մերձավոր Արեելքում միակ թատրոնն էր, որ համատեղել է միջնադարյան սինկրետիզմի և XIX դ. եվրոպական դրամատիկական թատրոնի առանձնահատկությունները՝ ներառելով նաև ազգային կրկեսի ձևերը եվրոպական երանգավորումով, մնջկատակը, բալետը, ինտերմեդիան:
Թատրոնը պրոֆեսիոնալ կատարելության հասնելով կրկեսային ժանրերում՝ մրցակցել է Կ. Պոլիս այցելող եվրոպական կրկեսների հետ: Թատերախմբում էին հայ դերասանուհիներ Թագուհին, Անտիկը, Մառին, նաև իտալացի և ֆրանսիացի պարուհիներ, երգչուհիներ, երաժշտախումբ (ղեկավար՝ կոմպոզիտոր, դիրիժոր Կ. Փափազյան): Թատրոնն ունեցել է մշտական շենք: Հյուրախաղերով այցելել է Թիֆլիս, Նախիջևան, Թավրիզ (1849-51-ին) և այլուր: Գործել է մինչև 1866-ը:
Արևելյան թատրոն, հայկական առաջին պրոֆեսիոնալ դրամատիկ թատրոնը նոր ժամանակներում: Հիմնադրվել է 1861-ին, Կ.Պոլսում՝ Ստեփան և Առաքել Ալթունյանների ջանքերով: 1869-76-ին թատրոնը գլխավորել է դերասան Պետրոս Մաղաքյանը: Բեմադրվել են ֆրանսիական ռոմանտիկական և ազգային պատմական դրամաներ: Արևելյան թատրոնում է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Արուսյակ Փափազյանի, Ստեփան Էքշյանի, Հակոբ Վարդովյանի, Մարտիրոս Մնակյանի, Հովհաննես Աճեմյանի, Թովմաս Ֆասուլաճյանի, Դավիթ Թրյանցի, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Աստղիկի, Մարի Նվարդի և այլոց:
Թատրոնը նպաստել է 1860-70-ական թթ. արևմտահայ լուսավորական շարժմանը և ազգային թատերարվեստի զարգացմանը:
Վասպուրական թատրոն, ստեղծվել է 1861-ին, Զմյուռնիայում՝ Սարգիս Վանանդեցու և Պ. Շահանյանի նախաձեռնությամբ, Վասպուրական ընկերության հովանավորությամբ: Թատերախմբի կազմում էին Պ. Ֆասուլաճյանը, Ա. Թագվորյանը, Գ. Թուխլաճյանը, Հ. Վարժապետյանը, Գ. Ագշեհիրյանը, Հ. Խրմաճյանը, Մարտիրոս Մնակյանը, Հովհաննես Աճեմյանը, Արուսյակ Փափազյանը, Սերովբե Պենկլյանը, Թովմաս Ֆասուլաճյանը, Դավիթ Թրյանցը և ուրիշներ: 1863-64-ին խումբը ղեկավարել է Ստեփան Էքշյանը:
Խաղացանկում ազգային հայրենասիրական և թարգմանական գործեր էին: Թատրոնը ստեղծագործական կապեր է ունեցել տեղի իտալական օպերային թատրոնի հետ, որը նպաստել է նաև հայկական օպերային թատրոնի ստեղծմանը: Թատրոնը ներկայացումներ է բեմադրել նաև թուրքերեն և ֆրանսերեն: Փակվել է 1864-ին:
Վարդովյան թատրոն, հայկական պրոֆեսիոնալ թատրոն Կ. Պոլսում: Հիմնադրվել է 1868-ին՝ Հակոբ Վարդովյանի նախաձեռնությամբ՝ Կետիկ փաշա թաղամասում: Թուրքական աղբյուրներում թատրոնը կոչվում է